Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 11:00
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ արդարադատության և տրանսպորտի ոլորտներում միջոցառումների կատարման ընթացքը: Զեկույցով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխվարչապետը, նշելով, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, հանձնարարել է հետևել սահմանված ժամկետներին և ապահովել միջոցառումների արդյունավետ և ժամանակին կատարումը:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ քննարկում 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված դեռևս չքննարկված միջոցառումների շուրջ, մասնավորապես՝ շրջակա միջավայրի ոլորտում: