Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:02
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԳԼՈԲԱԼ ՀՆԱ-Ի ԱՆԿՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ՝ 1,5%, ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ՝ 4,2%-ՈՎ
Եգիպտոսում զբոսաշրջության ոլորտի աշխատողները հույս են փայփայում, որ կկարողանան վերսկսել աշխատանքը և լուրջ քայլեր են ձեռնարկոմ անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։

COVID-19-ի պատճառով Սեյշելները, մյուս կղզիական պետությունները զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման պայմաններում կկրեն տնտեսական լուրջ կորուստներ։ Պարապուրդի այս 4 ամիսները զբոսաշրջային ոլորտին պատճառել են 1,2 տրիլիոն դոլարի վնաս, որը կազմում է համընդհանուր ՀՆԱ-ի 1,5%-ը։ Դա լուրջ հարված է շատ երկրների տնտեսություններին, ընդ որում՝ ոչ միայն զարգացող, այլև զարգացած։ Զբոսաշրջության ոլորտում աշխատող միլիոնավոր մարդիկ արդեն գործազուրկ են դարձել, ու թեպետ մի շարք երկրներ բացում են սահմանները, ՄԱԿ-ում չեն բացառում, որ «դադարը» կձգվի ևս մի քանի ամիս։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ օրերս ներկայացրած զեկույցում նշվում է, որ շատ երկրների համար զբոսաշրջությունը տնտեսության հիմքն է։ Վերջին տարիներին այս ոլորտը մեծ քայլերով զարգանում էր. 21-րդ հարյուրամյակի առաջին 20 տարվա ընթացքում ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե եռապատկվել է՝ 490 միլիարդ դոլարից հասնելով 1,6 տրիլիոն դոլարի։ Սակայն COVID-19-ը ամեն ինչ շրջեց գլխիվայր։ Կարանտինը, ուղևորությունների սահմանափակումների, ազգաբնակչության եկամուտների կրճատումը, ապագայի հանդեպ անվստահությունը և այլ գործոններ բացասաբար են անդրադառնում զբոսաշրջության ոլորտի վրա և կարող են դանդաղեցնել ոլորտի վերականգնման ընթացքը։

Մոտավոր հաշվարկներով՝ անցած 4 ամիսների ընթացքում ոլորտի կորուստները կկազմեն 1,2 տրիլիոն դոլար։ Եթե դադարը շարունակվի ևս 4 ամիս, ապա կարուստը կհասնի 2,2 տրիլիոն դոլարի, ինչը կկազմի համընդհանուր ՀՆԱ-ի 2,8%-ը։ Վատթարագույն տարբերակով՝ եթե այս վիճակը շարունակվի մինչև 12 ամիս, զբոսաշրջության ոլորտնը կկորցնի 3,3 տրիլիոն դոլար և, համապատասխանաբար, 4,2%։ «Այս թվերը պարզորոշ ցույց են տալիս այն, ինչը մենք հաճախ մոռացության ենք մատնում. դա զբոսաշրջության չափազանց կարևոր դերն է աշխարհի տարբեր երկրների տնտեսության մեջ եւ միլիոնավոր մարդկանց կյանքում։ Շատ երկրների, հատկապես զարգացող կղզիական պետությունների համար, զբոսաշրջության ոլորտում արձանագրված անկումը կհանգեցնի ընդհանուր տնտեսական ճգնաժամի։ Մենք ամեն գնով պետք է կանխենք դա»,- նշել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փորձագետ Պամելա Քոկ-Համիլթոնը։

Ամենաշատը կտուժեն զարգացող երկրները։ Այսպես, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում Քենիան, Եգիպտոսը եւ Մալայզիան կկորցնեն իրենց ՀՆԱ-ի 3%-ը, իսկ Ճամայկան և Թաիլանդը համապատասխանաբար 11 և 9%-ը։ Զբոսաշրջիկների թվի նվազման հետևանքները կզգան նաև եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները։ Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աննախադեպ նվազման հետևանքով կկորցնեն միլիարդավոր դոլարներ։

Դոմինոյի սկզբունքով՝ զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը կտարածվի տնտեսության այլ ոլորտներում, ներառյալ՝ սննդի ու սպասարկման ոլորտները, ժամանցային ինդուստրիան։ Փորձագետները հաշվարկել են, որ միջազգային զբոսաշրջության սեկտոր մուտք չգործած յուրաքանչյուր միլիոն դոլար (անկախ երկրից) կհանգեցնի ազգային եկամուտի կրճատման 2-3 միլիոն դոլարով։

Այս ձկնորսները, որոնք իրենց գոյությունը պահպանում էին հանգստացողներին ձուկ մատակարարելով, COVID-19-ի պատճառով իսպառ զրկվել են գումար աշխատելու հնարավորությունից։

 

Զբոսաշրջային ինդուստրիայում զբաղված բազմաթիվ աշխատողներ կմնան առանց աշխատանքի։ Որոշ տվյալներով՝ գործազրկությունն այս ոլորտի ոչ բարձր որակավորման աշխատողների շրջանում կարող է հասնել 17%-ի։ Ընդ որում, Առևտրի և զարգացման համաժողովի հաշվարկներով՝ առավել հավանական է, որ հիմնականում կանայք հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, քանի որ նրանք  բարձր պաշտոններ չեն զբաղեցնում և կատարում են ամենաքիչ վարձատրվող աշխատանքները։ Նրանցից շատերն աշխատում են առանց պաշտոնական գրանցում ունենալու, հետևաբար չեն կարող ակնկալել նաև սոցիալական աջակցություն։

Զեկույցի հեղինակները կոչ են անում բոլոր երկրների կառավարություններին պաշտպանել այն մարդկանց, որոնց բարեկեցությունը պայմանավորված է զբոսաշրջության զարգացումով, նաև կոչ են անում օգնության ձեռք մեկնել համավարակի պատճառով սնանկացման եզրին հայտնված ընկերություններին, մասնավորապես ավիաընկերություններին և հյուրանոցներին։