Նյութը՝ Նորայր Տատուրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-05 14:45
ԲԱՌԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ. «ՊԱՐՈՆ»
Նորայր Տատուրյանը ծնվել է Պոլսում, ավարտել է տեղի Մխիթարյան երկրորդական վարժարանը։

Հայերեն է դասավանդում է ՀԲԸՄ-ի Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանում։ 2018-ին արժանացել է հայաստանյան երկու մրցանակի. Սփյուռքի նախարարությունը Տատուրյանին շնորհել է «Պատվո մրցանակ»՝ հայերենի պահպանության և զարգացման, ինչպես նաև հայերենի  դասավանդման գործում իր մեծ ավանդի համար։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շնորհել է «Երախտագիտության վկայագիր»՝ Համահայկական երիտասարդական արվեստի մրցույթ-փառատոնի ընթացքում նրա սաների ապահոված տպավորիչ արդյունքների համար։ 

Տարիներ շարունակ «Ակօս» եւ «Ասպարէզ» պարբերականներում լույս է տեսնում Նորայր Տատուրյանի «Բառերու խորհրդաւոր աշխարհը» հոդվածաշարը, որը, ինչպես հեղինակն է ասում,  առիթ է տալիս իրեն «մեր անցեալի մէջ պեղումներ ընելու»: Այդ «պեղումների» արդյունքները ժամանակ առ ժամանակ կներկայացնենք ինչպես արևմտահայերեն, այնպես էլ արևելահայերեն տարբերակներով։

 

 

«Պարոն» գոյականի ոդիսականը ալեկոծ արկածախնդրություն է: Մայրենի լեզվի բեմին այն առաջին անգամ հայտնվեց բեհեզներ ու ծիրանիներ հագած: Սակայն մի օր որպես գահազուրկ իշխան քանդվեցին նրա բերդերը, կորցրեց իր պերճանքն ու պատիվը, այսպես ասած՝ ազնվականությունը։ Բառի ստուգաբանությունը ալեհեր ականատեսն է նրա «անկման»: Այսօր, տիկնայք և պարոնայք, դիտենք «պարոն»-ի՝ այդ երբեմնի արևաշատ ու մեծահարգ տիտղոսի, փառավոր գահավիժումը:

«Պարոն»-ի վերելքն ու անկումը տեսնելու համար պիտի ճանապարհորդենք Կիլիկյան Հայաստան՝ 13-14-րդ դար: Սակայն ձեզ նախ հրավիրում եմ Երևանի «Անի» հյուրանոցի ընդունարան, որպեսզի ականատես լինեք երեսուն պատանիների առաջացրած ուրախ եռուզեռին: Օտարներ չեն։ Ծանոթացնեմ. աշակերտներս են՝ ամերիկահայ պատանիներ, որոնք հունիսի հաճելի մի գիշեր հայրենիք են հասել ճանաչողական պտույտ կատարելու համար: Իրենց սենյակների համարներն իմանալուն պես խանդավառ զրույցով, կանչով ու ծիծաղով շտապում են վերելակ նստել, պայուսակները թողնել սենյակներում, ապա վերադառնալ ընդունարան և երևանյան առաջին ընթրիքի համար Աբովյան պողոտայով իջնել ներքև։ Երեխաներն անվերջ հարցեր են տալիս քաղաքի մասին, վաղվա ծրագրի մասին: Ամեն նախադասություն սկսվում կամ վերջանում է «պարոն»-ով: Վերելակը եկավ: Յոթ անձի համար է, և մեր հնգյակի հետ վերելակ է մտնում նաև իտալացի մի զույգ: Չկարողանալով զսպել իրենց հետաքրքրությունը՝ հարցնում են. «Կներեք, դուք ազնվակա՞ն եք: Այս երիտասարդները ձեզ «պարոն»  են ասում»: Ծիծաղում ենք: Ստիպված եմ բացատրել, որ եվրոպական այդ բառը մեր լեզվում նշանակում է «ուսուցիչ, դասատու»: Ու մինչ աշակերտներիս հետ ճամպրուկները կտանենք սենյակ, ձեզ ներկայացնեմ «պարոն» բառի կիլիկյան ոդիսականը:

Միջերկրականի արևը կախվել է Այասի նավահանգստի վրա: Ծովի հյուսիս- արևմտյան ափերից եկած առագաստանավերը խարիսխ են գցել և մեղմ տարուբերվում են: Նրանց կայմերի վրա ծածանվում են բազմագույն և բազմաձև դրոշներ: Կիլիկիա է հասել նաև «պարոն» ազնվափայլ բառը: Առագաստանավով: Իսկ հայազգի իշխանները, որ արդեն որդեգրել են ֆրանսիացիների թագն ու լեզուն,  տոհմիկ «նախարար» տիտղոսը հնացած համարելով՝ սկսել են պատվաբեր նոր տիտղոսն էլ որդեգրել ու «պարոններ» դառնալ:

«Պարոն» բառը փոխառություն է ֆրանսերենից։ Միջնադարյան ֆրանսերենով նշանակել է «իշխանավոր, տեր»: Բառը ծագում է միջին լատիներենի «պարո» բառից, որ նշանակում է «ազատ մարդ, կալվածատեր, պատերազմիկ»: «Պարոն»-ը Կիլիկիայում իր բարձր աստիճանը և կալվածքները պահեց երեք դար: Այդ շրջանից մեզ հասած հիշատակարաններում գտանք «պարոն» բառի առաջին գործածությունները. «Գրեցաւ ի թվիս Հայոց ՈՂԶ (1247), ձեռամբ Ներսէսի, յաշխարհիս Կելիկեցւոց, ուխտի, որ կոչի Ակներ անապատ, ի թագաւորութեան Հայոց Հեթմոյ, և Հօր իւրոյ պարոն Կոստանդեայ», «Ի թուականիս Հայոց ՉԺԸ (1269) : Արդ, գրեցաւ պրակս… արդեամբք տեառն Սարգսի սրբասէր և արհիական եպիսկոպոսի, և նորին հարազատ որդւոյ՝ աստուածասէր և քրիստոսապահ իշխանին պարոն Յոհաննէսի»: Հայկական ձեռագիր մատյանները «պարոն» բառի ընտիր վկայություններ են պարունակում. «Պարոնն հայոց կալաւ զՊեմունդ բրինձն Անտիոքոյ», «Պարոնն դնի որպէս տէր գաւառի և կալուածոց»: Երկար ժամանակ չպահանջվեց, որ հայոց մայրենին տիրանա մի նոր կալվածքի՝ «պարոնություն» բառին: Ահա նրա բացատրությունը 19-րդ դարի մի բառարանում. «Աշտիճան՝ պատիւ և իշխանութիւն պարոն գոլոյ. որպէս ռուբինեանցն կիլիկեցւոց նախ քան զթագաւորելն. և ամենայն գլխաւորութիւն գաւառի կամ կալուածոց»: Մեր «պարոն»-ը բազմածին չեղավ. նրանից ընդամենը երեք բառ գոյացավ՝ «պարոնադուստր», «պարոնացնել», «պարոնորդի»։ Չմոռնանք նաև «պարոնաց պարոն» տիտղոսը:

1375 թվական: Կիլիկիայի հայոց թագավորության անկումով «պարոն»-ը կորցնում է իր կալվածքներն ու տանտիրությունը: Սակայն, հարգելի ընթերցող, բառերը երկարակյաց են: Նրանք դիմանում են քաղաքական հեղաշրջումներին, իմաստի նոր նավահանգիստներ գտնելու, լեզվին խարսխած մնալու ճկունություն են հանդես բերում: Հայկական նոր կյանքի «պարոն»-ը դարձավ սեփական հող ունեցող հասարակ մարդ, ապա աշխարհաբար հայերենում՝ ամուսնացած կամ հարգելի այր, անկախ նրանից՝ հողատե՞ր է, թե՞ ոչ:

Միջնադարի հայ բանաստեղծները «պարոն» տիտղոսին արժանի համարեցին հրապուրիչ կնոջը, քանզի նա մի նայվածքով կալանում է սիրտը: Դավիթ Սալաձորցի տաղասացը, որ սիրում էր գովաբանել գեղեցկուհուն, մի օր նայեց նրա սիրուն դեմքին ու երգեց.

Շատ պարոնաց բերդ ես քակել

Դու ես պարոն, դու ես սարդար:

Քոսա Երեց բանաստեղծը իր Աննայի համար շարադրեց այս խոսքերը. «Փառք ու պատիւ ասեմ ես քո արարչին, / Որ ամենայն փառօք զքեզիկ զարթարեր, / Կ’ուզեմ թարիպ անեմ (գովեմ, գովերգեմ), պարոն Աննայիս»: Իսկ Սառան՝ աշուղ Օքսուզ Ավետիքի սիրածը, որ ուներ «քնքուշ, բղբոջ» ձեռքեր, արժանացավ այս խոսքերին.

Իմ անուն Աւետիք ու քուկն է Սառայ,

Դուն ինձի պարոն ես, ես քեզի ծառայ:

Երբ «պարոն»-ը աշխարհականացավ, մուտք գործեց հայկական բարբառներ. Սեբաստիայում «բարէօն» էր, Ակնայ մեջ՝ «բարիւն», Թիֆլիսում՝ «պարուն», դարձավ նաև բանջարեղենի տեսակ՝ «պարոնբանջար», խաղ՝ «պարոնգզիր», սկեսրայր՝ «պարոնպապ, պարոնտատ» ու սկեսուր՝ «պարմայր»:

Այժմ՝ մանկավարժությանը նվիրված տղամարդկանց մասին: Հին դարերում, երբ գրագիտությունը հազվադեպ էր ու պատվաբեր, ուսուցիչներն արժանանում էին «պարոն» տիտղոսին: Այսօր էլ նրանք վայելում են «պարոն» կոչվելու հաճույքը, թեպետ գրեթե բոլորը հեռու են «իշխան» կամ «հողատեր» լինելուց։

Իսկ 1850-ական թվականների հայ գրականության մեծագույն երգիծաբան քննադատ պարոն Հակոբը, որ մինչև օրս սովորեցնում է ուղղամիտ և ուղղախոս լինել, «պարոն» բառն ընդունեց որպես ազգանուն:

Միանգամայն բնական է, որ «պարոն» բառը հայրենի կալվածքների անուն դարձավ: Ահա մի քանի տեղանուն. «Պարոնաց Այգի»՝ գյուղ և հայ իշխանների նախկին զբոսավայր Վանի նահանգի Ոստան գավառակի Արտոս լեռան փեշերին, «Պարոնաց բերդ»՝ Վանի նահանգի ավերակ բերդերից մեկը, «Պարոնբեկ»՝ գյուղ Նոր Բայազետի գավառում, «Պարոնենք»՝ գյուղ Զեյթունում, «Պարոնի քարայր»՝ քարանձավ Լոռու մարզի Ձորագետի հովտում: Իսկ պարսկահայ մեր ընթերցողներին անշուշտ ծանոթ է  Թավրիզ քաղաքի «Պարոն Ավագ» պատմական ու պատկառելի թաղը՝ հիմնված Ավագ Ավագյանի կողմից:

Հնչում է հեռախոսիս զանգը: Սթափվում եմ Հայոց լեռնաշխարհում մտովի իմ պտույտից: Ավոն է: Հայրենիքը ճաշակելու անհամբեր ախորժակով հարցնում է. «Պարո’ն, մենք իջել ենք ընդունարանջել: Քաղցած եմ, ե՞րբ պիտի գնանք ճաշելու, պարոն»:

Հոդվածս ավատեմ գինու կարասի շուրջը նստած ու Արարատի տեսարանով հարբած հայ պարոնների կենսուրախ մի երգով՝ «Երգ Բաքոսի», որ մեր աշակերտները որոշել են վերջին ընթրիքի ժամանակ երգել ու այդպես հրաժեշտ տալ հայրենիքին:

Ակո­­­­ռիի մեծ կա­­­­րասին բո­­­­լոր­­­­տիքն են բազ­­­­մեր,

Ավագ իշ­­­­խանք և պա­­­­րոնայք ժո­­­­ղովք են հոն կազ­­­­մեր,

Այո՜, այո՜, ժո­­­­ղովք են հոն կազ­­­­մեր:

Այսպես մեզի նոր ցնծություն, արևները կը ծագին,

Ուրախ կըլլա մեր ժամանակ և փառք մեր աշխարհին,

Այո, այո և փառք մեր աշխարհին: