Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-12 10:15
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԽՈՐ ՑԱՎ Է ԱՊՐՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խոր ցավ է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար, որն ընդունվել է առանց նախնական երկխոսության:

Ուրբաթ՝ հուլիսի 10-ին, նա իր մտահոգությունը փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպանին։

«Սուրբ Սոֆիայի տաճարը ճարտարապետական գլուխգործոց է, Ասիայի և Եվրոպայի՝ դարեր շարունակվող փոխհարաբերությունների մի բացառիկ վկայություն։ Թանգարանային կարգավիճակը արտացոլում է տաճարի ունիվերսալ բնույթը՝ վերածելով նրան երկխոսության հզոր խորհրդանշանի»,- հայտարարել է գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները նամակներ էին ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը՝ նշելով, որ այն  ընգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։  Նրանք հիշեցրել էին, որ 6-րդ դարի տաճարը մաս է կազմում «Ստամբուլի պատմական շրջաններ» տարածքի, որը 1985 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես բացառիկ ունիվերսալ արժեք։ Այս փաստը ենթադրում է մի շարք իրավական պարտավորություններ: Մասնավորապես՝ պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է երաշխավորի, որ ոչ մի փոփոխություն չի կարող ազդել օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի վրա։ Դրանից բացի, այդպիսի օբյեկտներում հնարավոր ցանկացած փոփոխությունների պարագայում պետությունը նախ պետք է ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և, անհրաժեշտության դեպքում, նման ծրագրերը պետք է քննարկվեն Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվում են բացառիկ, բարձրաժեք պատմա-մշակութային հուշարձաններ, որոնք հարստացնում են համայն մարդկության մշակույթը։
Կազմակերպության ընդունած հայտարարության մեջ հստակեցվում է, որ «Ստամբուլի պատմական շրջաններ» տարածքը ներգրավված է ցանկում որպես ճարտարապետական գլուխգործոցների բացառիկ ինտեգրացիա, որոնք բնորոշում են Եվրոպայի և Ասիայի հանդիպման վայրը դարերի հոլովույթում։ Սուրբ Սոֆիայի տաճարի նմանությամբ «ստեղծվել են մի շարք եկեղեցիներ ու տաճարներ, հետագայում՝ նաև մզկիթներ, իսկ Կոստանդնուպոլսի պալատների ու եկեղեցիների խճանկարը ազդեցություն է ունեցել ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան մշակույթի վրա»։

Այդպիսով, նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, Սուրբ Սոֆիայի տաճարն ունի խորհրդանշական, պատմական և ունիվերսալ բարձր արժեք։ Նրանք նաև հիշեցնում են, որ Համաշխարհային ժառանգության պահպանության և նրա նշանակության կարևորման անհրաժեշտ պայմաններից մեկն այն է, որ այդ գործին լիարժեք և հավասարաչափ մասնակցություն ունենան տվյալ  հուշարձանին առնչվող բոլոր համայնքներն ու շահագրգիռ կողմերը։

Թուրքիայի կառավարությանն ուղղված նամակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն քանիցս ահազանգել է առկա խնդիրների մասին. «Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին երկխոսություն սկսել նախքան այնպիսի որոշում կայացնելը, որը կարող է ազդել այս հուշարձանի ունիվերսալ արժեքի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնելով Բոսֆորի նեղուցում՝ Բալկանների և Անատոլիայի, Սև և Միջերկրական ծովերի միջև, Կ.Պոլիսը շուրջ 2 հազար տարի առնչություն է ունեցել քաղաքականության, կրոնի և մշակույթի աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների հետ։ Քաղաքի գլուխգործոցները՝ Կոստանդիանոս կայսեր հնագույն ձիարշավարանը, Սուրբ Սոֆիայի տաճարը և 16-րդ դարի Սուլեյմանի մզկիթը հայտնվել են կործանման եզրին անվերահսկելի ուրբանիզացիայի՝ քաղաքի գերբնակեցվածության և արդյունաբերական աղտոտման պատճառով։

Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է ուղղափառ հույների պատրիարքի նստավայրը, սակայն  երբ 1453 թվականին Մեհմեդ Նվաճողը գրավել է Կ.Պոլիսը, նրա հրամանով Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի: 1935 թվականի փետրվարի 1-ից ի վեր այն դարձել էր բաց թանգարան և գրավում էր միլիոնավոր զբոսաշրջիկների բյուզանդական ժամանակաշրջանի իր բացառիկ որմնանկարներով ու խճանկարներով։