Նյութը՝ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի
Լուսանկարները՝ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի
Տեղադրվել է 2020-07-13 18:14
ԵՄ ԹՈՒՄՈ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ. ԹՈՒՄՈ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԵՎ 42 ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թումո լաբորատորիաները և ֆրանսիական հայտնի 42 դպրոց անվճար կրթական ծրագրերը նախատեսված են 18 տարեկանը լրացած ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են սովորել կամ խորացնել իրենց գիտելիքները տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում։

Արտակարգ դրության պայմաններում Թումո լաբերը կարճ ժամանակահատվածում անցավ նախագծերի հեռավար իրականացմանը։ Այս ընթացքում շարունակվել ու ավարտին են հասցվել արդեն մեկնարկած նախագծերը, ինչպես նաև մշակվել են նորերը։ Համագործակցելով տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ գերմանական Osensus֊ի հայաստանյան մասնաճյուղը, AOByte֊ը, Healthcare Innovation Center֊ը, TeamViewer Armenia֊ն և բրիտանա֊հայկական Viciniti֊ն և Garoon Tech-ը, վերջին մի քանի ամիսներին Թումո լաբորատորիաներն իրականացնում է արհեստական բանականության, 3D ծրագրավորման, IoT (Internet of Things), ինչպես նաև առողջապահական ոլորտի թվայնացմանն ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախագծեր։ Այստեղ ուսանողները ստեղծում են հավելվածներ և ծրագրեր՝ միաժամանակ ստանալով արդիական ու շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ։
 

«Ինժեներությունը  և կիրառական գիտությունները  ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Հայաստանի միջնաժամկետ հաջողության բանաձևի կարևորագույն գործոններից են: Մինչ ծրագրավորումը շարունակում է մնալ գերակա ուղղություն, այն այլևս չի կարող լինել նորարարության միակ հիմքը: ԵՄ Թումո համալիրի ռազմավարական նպատակն է ստեղծել արժեք՝ ակտիվ մասնակցություն ունենալով կենսաբանության, նյութագիտության, ճշգրիտ ճարտարագիտության և առանցքային այլ տեխնոլոգիաների միջազգային համայնքներում»,֊ նշում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։


ԵՄ Թումո համալիրի ևս մի մեծ նախագիծ է 42 ծրագրավորման դպրոցը։ Դրա կրթական ընթացքի առաջին փուլը կմեկնարկի արդեն այս տարի, իսկ մինչ այդ տեղի են ունենում ուսանողների ընտրության փուլերը։ Վերջին երեք ամիսների ընթացքում 42 է դիմել 2000-ից ավելի մասնակից, որոնցից միայն 450-ը կկարողանա մասնակցել գործնական ընտրական փուլին՝ սեպտեմբերին, իսկ նրանցից էլ 150 հաջողակները կդառնան 42 Երևանի հիմնական ծրագրի ուսանողներ։


Ինքնուսուցման  յուրահատուկ կրթական ծրագրի շնորհիվ 42-ի ուսանողները մոտ 2 տարում դառնում են ծրագրավորման մրցունակ մասնագետներ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույն ժամկետում դպրոցի շրջանավարտների 95%-ից ավելին գտնում է աշխատանք ՏՏ ոլորտում:


Նշենք նաև, որ շարունակվում է աշխատանքը համալիրի շենքի նախագծման շուրջ։ Միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքում շինության դիզայնը վստահվել է հոլանդական ճանաչված MVRDV ճարտարապետական ստուդիային։ Համալիրը դառնալու է համագործակցությունների հանգույց, ունենալու է հասանելի ու հանրային բաց տարածք, ինչպես նաև լաբորատորիաներ, համաժողովների անցկացման սրահներ, գրասենյակային և կոմերցիոն հատվածներ: Շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին։