Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-15 18:26
ԿՏՐՎԱԾՔՆԵՐՈՎ ՓԵՇԵՐ, ԲԱԳԻ ՏԱԲԱՏՆԵՐ, ԲԵՐՄՈՒԴՆԵՐ
Այս ամռանը կարելի է կրել կողային կտրվածքներով և խոր լանջաբացվածքով ռետրո ոճի գայթակղիչ զգեստներ, բազմազան կտրվածքներով ու ինքնատիպ նախշերով սև-սպիտակ հանդերձներ։

Դարձյալ նորաձև են բագի տաբատները՝ գոտկատեղում հավաքված և ազդրերի շրջանում ծավալուն պարկանման մոդելները։ Դրանք կարող են ունենալ տարազան վառ դաջանախշեր։ Նորաձև են բարձր գոտկատեղով նրբագեղ տաբատները։

80-ի նորաձևությունից վերադարձել են թեթևակի զանգաձև դարձող տաբատներն ու բարձր գոտկատեղով ջինսերը։ Ջինսերը բարեկազմ են դարձնում և տեսողականորեն երկարացնում են ոտքերը բարձրացված գոտկատեղի և այն բանի շնորհիվ, որ կլյոշը՝ զանգաձևությունը, սկսվում է հենց ծնկներից։

Սեզոնի հիթը բերմուդ շորտերն են։ Բրիտանացի զինվորականները, որոնք ծառայում էին արևադարձային երկրներում՝ կայսրության գաղութային զորքերում, կարճ՝ ծնկներից բարձր շորտ էին հագնում։ Դրանք հատկապես տարածված էին Բերմուդյան կղզիներում։ Այստեղից էլ՝ մոդելի անունը։

Այս սեզնում արդիական են «սլաքներով» ու փողքի եզրի ծալվածքով նեղ, երկարավուն բերմուդները։ Ավելի երկար մոդելները կարելի է կրել նաև գրասենյակում՝ համակցելով վերնաշապիկների, բլուզների կամ դասական ժակետների հետ։ Ավելի ներկայանալի կերպար ստեղծելու համար բերմուդները կարելի է համակցել շիֆոնե բլուզների կամ մետաքսյա տոպերի հետ։

Այս սեզոնում նորաձևության տներն առաջարկում են բերմուդները համակցել օվերսայզ ոճի բլեյզերի հետ, ընդ որում բլեյզերի տակից բլուզ հագնել չարժե։ Բերմուդը կարելի համակցել կաշվե պիջակի հետ։

Առանձնակի ուշադրության են արժանի վառ գույների մանրածալքավոր զգեստները՝ դեղին, զմրուխտագույն, կոբալտագույն, պուրպուր, ինչպես նաև վառ դենիմից տաբատով կոստյումները, օվերսայզ ոճի ժակետները, միթևքանի պիջակները, փայլափաթիլներով հագուստները, օպտիկական դաջանախշերով մոդելները և այլն։

Նորաձև են «սաֆարի շիկ» ոճի հագուստները։ Այդպիսի հավաքածուների գլխավոր տարրերը փողփողուն կտորները, ալիքվող ուրվագծերը, վառ ծաղկային դաջանախշերը, քնքուշ ժապավենակապերը, ժանյակե ներդիրները, փայլերը, ա լյա Նեֆերտիտի գլխարկները, աֆրիկյան ուլունքներն ու ապարանջաններն են։ Այս ամառ նորաձև են նաև ծաղկային վառ թաղարատիպ տեսքով բոլորագլխարկները և մանկական դույլերի տեսքով պայուսակները։