Նյութը՝ lragir.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ lragir.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-17 11:07
10 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՅԱՆՔՆ ԻՆՁ ՆՈՐԻՑ ԲԵՐԵՑ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՍՊԱՐԵԶ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ ՄԱՐԻ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Այդ խնդիրներին ուղղված լուծումներ է առաջարկում նաև Հայաստանում գործող Ֆիլիպ Մորրիս ընկերության Գիտահետազոտական կենտրոնը, որը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։

Համագործակցելով երկրի տեխնոլոգիական հարուստ էկոհամակարգի հետ՝ ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնը նախատեսում է փորձարկել և զարգացնել նորարարական լուծումներ։

Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու շատ յուրօրինակ մոտեցում՝ կենտրոնացած մարդկային կապիտալի վրա։ Էկոհամակարգի զարգացման շրջանակում ՖՄԻ Գիտահետազոտական կենտրոնն աջակցում է մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային ճարտարագիտության և Տվյալագիտության ոլորտներում, ինչպես նաև մինչ օրս աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։

Նրանցից է նաև Մարի Աթաբեկյանը, ով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և PMI Science-ի համագործակցությամբ իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրի 2019 թվականի հաղթողներից է:

Պոլիմերների քիմիան ընտրելու մասին

Փորձելով իրեն դեղագործության, օրգանական քիմիայի ոլորտներում, Մարին, ի վերջո հասկացավ, որ իր համար ամենագրավիչը պոլիմերների քիմիան է: Այժմ Մարին աշխատում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում։ Նա զբաղվում է սիլիկոնային էլաստոմերներից ստացված կոմպոզիտների սինթեզի և կլանման հատկությունների ուսումնասիրությամբ:

Մարին պատմում է, որ որոշել էր բժշկական մասնագիտություն ընտրել, սակայն վերջին պահին հրաժարվեց և որոշեց դիմել ԵՊՀ. «Դժվար թե կարողանայի բժիշկ դառնալ, շատ զգացմունքային եմ, չեմ կարող արյուն տեսնել: Այդ պատճառով էլ չկարողացա աշխատել մեր կենտրոնի կենսաբանների հետ, որովհետև պետք է մկների վրա փորձեր դնեինք»:

Մարին Արագածոտնի Դավթաշեն գյուղից է, սովորել է ԵՊՀ կենսաքիմիայի ֆակուլտետում, մագիստրատուրայում՝ ուսումնասիրել դեղագործություն: «Բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց կյանքի բերումով չեմ զբաղվել գիտությամբ: Մոտ տաս տարի դեղատանն էի աշխատում՝ որպես դեղագործ: Սակայն, կյանքն ինձ նորից բերեց իմ սիրելի ասպարեզ, երբ ինձ հրավիրեցին աշխատելու որպես քիմիկոս՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Սկզբնական շրջանում զբաղվում էի օրգանական քիմիայով, սակայն հետո հասկացա, որ ցանկանում եմ լրջորեն զբաղվել հենց պոլիմերների քիմիայով», – պատմում է Մարին:

Գիտնականների խումբը, ում հետ աշխատում է Մարին, զբաղվում է սիլիկոնային կոմպոզիտների հատկությունների ուսումնասիրությամբ: Մարիի խոսքով՝ Հայաստանում մեծ պատմություն ունեցող քիմիայի այս ճյուղը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ սիլիկոններն այսօր օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ բժշկության մեջ: «Թեմաս վերաբերում է սիլիկոնային կոմպոզիտներին: Ուսումնասիրում ենք  տարբեր դեղամիջոցների համատեղելիությունը կոմպոզիտների հետ՝ հասկանալու, թե ինչպես կդրսևորեն իրենց այդ դեղամիջոցները», – ասում է նա:

Ֆինանսավորում, որը թույլ տվեց կենտրոնանալ գիտության վրա

Մի քանի ամիս կենտրոնում աշխատելուց հետո Մարիի ղեկավարը խորհուրդ տվեց դիմել EIF-ի և PMI Science-ի կողմից հայտարարված Ասպիրանտների աջակցության ծրագրին, քանի որ կենտրոնի կենսաբաններից մեկն արդեն հաջող փորձ էր ունեցել:

«Դիմեցի, ու իմ հայտն ընդունվեց: Ես շատ ուրախ էի, որովհետև այս ֆինանսավորումը ինձ օգնեց, որ ավելի շատ կենտրոնանամ իմ աշխատանքի վրա: Շատ հնարավոր է, որ եթե այս հնարավորությունը չլիներ, ստիպված լինեի մեկ ուրիշ աշխատանք փնտրել: Աջակցությունն ինձ անկախություն տվեց: Կարողանում եմ առանց որևէ այլ բանի մասին մտածելու զբաղվել գիտությամբ և կատարելագործվել», – նշում է Մարին:

Այս ծրագիրը նրան օգնեց նաև մեկ այլ շատ կարևոր խնդիր լուծել՝ անգլերենի կատարելագործման հարցը: «Բացի քիմիկոս լինելուց, շատ կարևոր է անգլերենին տիրապետելը: Չես կարող լավ մասնագետ լինել առանց անգլերենով աշխատանքդ և հայտնագործությունդ ներկայացնելու ունակության: Կոնֆերանսների ժամանակ, գրականություն կարդալիս, հաղորդակցվելիս՝ անգլերենը և հատկապես՝ մասնագիտական անգլերենը, պարտադիր է: Ինձ համար շատ կարևոր էր, որ հանգիստ կարողանամ անգլերենով պատասխանել իմ ոլորտին վերաբերող բոլոր հարցերին»:

Մարտահրավերների մասին

Գիտնականի կարծիքով՝ քիմիայի ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը տաղանդավոր երիտասարդների արտագաղթն է Հայաստանից. «Մեր երկրում մեծ գործարաններ կային, պոլիմերների քիմիայի հսկայական պատմություն: Սակայն, հիմա, ընդհանուր առմամբ, քիմիայի ոլորտը անկում է ապրում, որովհետև տաղանդավոր երիտասարդները գնում են դուրս: Մեր երկրում քիմիկոսների մեծ պահանջարկ կա, և, մասնավորապես՝ սա վերաբերվում է հենց պոլիմերների քիմիայի ոլորտին»:

Մարին համոզված է, որ ամենամեծ դժվարություններն ու փորձություններն այնուամենայնիվ կարելի է հաղթահարել, եթե սիրում ես քո մասնագիտությունը:

«Ես անսահման սիրում եմ մասնագիտությունս: Օրինակ՝ առավոտյան ժամը 9-ին արդեն լաբորատորիայում եմ: Ղեկավարս ասում է, որ հանգիստ կարող եմ 9։30 էլ գալ` հասկանալով, որ երկու երեխա ունեմ, որոնցից մեկը՝ դպրոցական, բայց ես կյանքս կազմակերպում եմ այնպես, որ միշտ կարողանամ առաջինը հասնել լաբ»,- ասում է նա: