Նյութը՝ ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-17 18:34
«ՀԱՅ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԸ» ԳԻՐՔԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅԵՐԵՆ
«Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերում կայացել է «Հայ լեգեոնականները. զոհաբերություն եւ դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Գիրքը թարգմանվել եւ հրատարակվել է Մեդիամաքսի կողմից՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցել են Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը եւ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Գրքի առաջխաղացմամբ եւ վաճառքով զբաղվում է NewMag-ը՝ Newmag and friends ծրագրի շրջանակում:  

Գիրքն արդեն վաճառվում է Երեւանի գրախանութներում, այն արժե 4 800 դրամ: Այն կարող եք պատվիրել նաեւ առցանց՝ Երեւանում եւ մարզերում անվճար առաքմամբ: Արտերկիր առաքելու արժեքը կազմում է 5 000 դրամ:

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արեւելքի պատմության կարեւոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձեւավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, եւ լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արեւելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետեւանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը եւ մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:

Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաեւ այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից եւ արխիվացվել:

Արա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ գիրքը հայերեն թարգմանելու եւ հրատարակելու գաղափարն առաջացավ 2018 թվականի հոկտեմբերին, երբ Մեդիամաքսը միակ լրատվամիջոցն էր, որը լուսաբանել էր գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը Երեւանում: 

«Արտասահմանում հրատարակվում են հայագիտական ուղղվածության տարբեր գրքեր, որոնց մասին հայ ընթերցողը հաճախ չի իմանում: Կարծում եմ, որ այս բացը պետք է ընդհանուր ջանքերով փակվի», - ասել է Մեդիամաքսի տնօրենը: