Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-17 18:37
ՄԻՆՍԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵԱՏՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ. ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն անցկացվում է կառավարության ղեկավարների մակարդակով, նախագահում է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Օրակարգում ներառված է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներից:

 Մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Նիստում քննարկվելու է «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացումը եւ պիտակավորման համակարգի հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում: Օրակարգում է նաեւ բնակչության առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ Միության երկրներում կորոնավիրուսային վարակի եւ այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Նախատեսվում է քննարկել ԵՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման եւ միության արդյունաբերականացման քարտեզները:

Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են շարունակական խոշոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները եւ արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները՝ ազգային զարգացման պլաններ եւ  ներդրումային ծրագրեր կազմելիս:

Այսօրվա նիստում կքննարկվի գազի, նավթի, նավթամթերի շուկայում աշխատանքների ընթացքը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: