Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-18 10:50
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԽԱՅԻԼ ՄԻՇՈՒՍՏԻՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մինսկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ ի վերջո հանդիպել, քանի որ կորոնավիրուսի պատճառով մեր մի քանի պոտենցիալ հանդիպումներ հետաձգվել են և իհարկե երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք մի շարք հարցեր: Կարծում եմ` մեր հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնք կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ, զարգանում են ըստ ծրագրվածի, իհարկե մենք ունենք հագեցած օրակարգ:

Ի դեպ, 2019 թվականը եղել է շատ արդյունավետ, քանի որ մեր երկրների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ առևտրաշրջանառությունը գերազանցել է երկու միլիարդ դոլարը և նախորդ տարի մենք ունեցել ենք 14 տոկոսի աճ: Հունվար-փետրվարին այդ տեմպը շարունակվեց, բայց ցավոք կորոնավիրուսի հետ կապված մենք կորրցրել ենք տեմպը, սակայն ես վստահ եմ, որ շատ շուտով այն կվերականգնենք:

Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»:

Իր հերթին, ՌԴ կառավարության  ղեկավարն ասել է. «Շնորհակալություն հարգելի Նիկոլ Վովայի, ես նույնպես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Ալմաթիում հունվարին և ոչ մեկ անգամ քննարկել մեր երկկողմ հարաբերությունները: Իհարկե, ցավալիորեն համավարակը փոփոխություններ է մտցրել մեր համագործակցության վրա, այդ թվում` Հայաստանի հետ: Երկկողմ առևտրաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով` կորոնավիրուսի հետևանքով, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք դուրս գալ կայուն աճի վրա արդեն տարեվերջին և դրա համար կան բոլոր նախադրյալները:

Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները:

Այն չորս ազատությունները, որոնց մասին այսօր խոսում էիք Դուք, հանդիսանում են մեր Միության խորհրդանիշը, դրանք կստանան նոր զարգացում մեր պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք բերեցինք այսօր»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: