Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-18 11:09
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԱՏՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ՆԱԵՎ ԳԱԶԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, հույս հայտնեց, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝ անդամ բոլոր պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա:

Փաշինյանն այս մասին ասաց Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

«Նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչը արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է»,-ասաց Փաշինյանը:

 Վարչապետի խոսքով՝  Հայաստանը նպատակահարմար է համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա Փաշինյանի կարծիքով՝ այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: «Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»,-ասաց Փաշինյանը: