Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ news.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-18 18:16
«ՇԱՏ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՎ ԻՍՊԱՆԱՑԻ ԵՄ».
«Թղթե տունը» սերիալի Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու եւ Հայաստանում մասնակցած նոր նախագծի մասին:

«Թղթե տունը» հայտնի սերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը Հայաստանում է: Բոգոտային մարմնավորող մեր հայրենակիցն առաջին անգամ է հայրենիքում, բայցNEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանեց, որ շատ ջերմ ընդունելության է արժանացել: Դերասանը այստեղ է  «Փիփլ Օֆ Ար» փրոդաքշն ընկերության՝ պրոդյուսեր Արման Նշանյանի  նոր գեղարվեստական ֆիլմի նկարահման համար, որի ռեժիսորը «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակակիր ամերիկահայ Մայքլ Գուրջյանն է:

Իսպանահայ հայտնի դերասանն առաջին անգամ է, որ համագործակցում է հայերի հետ։ Հայ-ամերիկյան այս համատեղ աշխատանքն իրականացվել է պրոդյուսերներ Արման Նշանյանի, Մայքլ Գուրջյանի, Պատրիկ Մալխասյանի, Սոլ Թրայոնի, գործադիր պրոդյուսեր Վարդան Բարսումյանի և համա-պրոդյուսեր Անի Որսկանյանի երկարատև աշխատանքների արդյունքում։ Ֆիլմին աջակցել է նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ Ազգային Կինոկենտրոնը։

«Երբ կարդացի սցենարը, միանգամից գործակալիս հայտնեցի, որ անպայման նկարահանվեմ: Սա միայն հայերի մասին պատմություն չէ, այն հետաքրքիր կլինի նաև օտարազգիներին, թեպետ գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, սակայն իրադարձությունները կարող են հետաքրքրել բոլորին՝ անկախ ազգությունից: Սցենարը կարդալուց հետո անմիջապես Մայքլ Գուրջյանի հետ կապվելու ցանկություն ունեցա, սա ես արել եմ ոչ թե գումարի համար, այլ ազգությամբ հայ հորս համար: Կարծում եմ, որ նա կհապարտանար այս դերի համար»։

Ֆիլմի վերաբերյալ Հովիկը նշեց նաև, որ ըստ սցենարի՝ գործողությունները տեղի են ունենում խորհրդային տարիներին.

«Հիմքում հայրենադարձների պատմությունն է, ովքեր եկել էին հայրենիք՝ հավատալով Ստալինի կոչին: Ֆիլմը հույսի մասին է, թե ինչպես են մարդիկ օգնում միմյանց՝ դիմակայելու և դժվարությունները հաղթահարելու հարցում: Սա առաջին անգամն է, որ հայերի հետ էի աշխատում, ամեն ինչ շատ լավ է ընթացել: Իսկապես բոլորն աշխատում էին մեծ եռանդով և ներդնում էին իրենց հոգին, որ ֆիլմը հաջողություն ունենա: Ի դեպ, Հայաստանը հրաշալի վայր է, որտեղ կարող են ֆիլմեր նկարահանել, պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

Հովիկ Կեուչկերյանի խոսքով՝ Հայաստանում անելիքները շատ էին, բայց ժամանակի սղություն ուներ, ինչից ելնելով էլ շատ վայրեր չի հասցրել այցելել, սակայն տպավորված է հայերով և նրանց ջերմությամբ.

«Շատ ջերմ են ինձ ընդունում այստեղ: Երբ ես եկա Հայաստան, առաջինը զանգեցի իսպանացի մայրիկիս: Երևանում նայելով շուրջս՝ հասկանում եմ, եթե վահանակները չլինեն՝ կմտածես, որ եվրոպական քաղաքում ես գտնվում, իրավամբ Երևանի ճաշարանները և խանութները չեն զիջում: Բոլոր անում են հնարավորինս, որպեսզի լավ արդյունք ունենան, մարդիկ էլ շատ սրտաբաց, ջերմ և հարգանքով են: Հուսամ, որ ոչինչ չի փոխվի, և ամեն բան կկատերելագործվի: Աննկարագրելի երկիր է՝ հրաշալի մարդկանցով, մենք ունենք ամեն ինչ առաջ գնալու համար:

Իր հայկական արմատների վերաբերյալ էլ Հովիկը նշեց, որ կիսով չափ է հայ.

«Ծնվել եմ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Հայրս հայ է, իսկ մայրս` իսպանուհի: Երբ երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքս արտագաղթեց Իսպանիա: Մորս հետ իսպաներեն էի խոսում, իսկ հորս հետ՝ հայերեն, քանի որ եթե լեզուն չգործածես՝ կմոռանաս: Շատ հպարտ եմ, որ հայ և իսպանացի եմ»:

Ի դեպ, Հովիկ Կեուչկերյանը միշտ չէ, որ զբաղվել է դերասանությամբ: Ժամանակին նա զբաղվել է բռնցքամարտով, հետագայում նաև գրել է, ունի 4 հեղինակած գիրք, սակայն մեծ հաջողություն ձեռք բերած դերասանը խոստովանում է, որ կորցրել է հետաքրքրությունը սպորտի հանդեպ, իսկ գրելուն ի սկբանե չի վերաբերվել որպես աշխատանքի:

Անդրադառնալով «Թղթե տունը» սերիալին՝ Հովիկը նշեց, որ նախքան թիմին միանալը չէր դիտել սերիալը.

«Տեղեկացրին, որ քասթինգ են իրականացնում, որին էլ մասնակցեցի և ինձ վստահեցին այդ դերը: Մինչ այդ «Թղթե տունը» չէի դիտել, ավելի հաճախ անգլալեզու ֆիլմեր և սերիալներ էի նայում՝ լեզվի իմացությունս կատարելագործելու համար, սակայն երբ արդեն դիտեցի, շատ հավանեցի: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Երբ նոր հերոսներով միացանք հնաբնակներին, միանգամից կարողացանք նրանց ընտանիքի անդամ դառնալ»: 

Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ-ին: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Մայքլ Գուրջյանը նաեւ ֆիլմի համապրոդյուսերներից է և սցենարի հեղինակն է, ինչպես նաև մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկին:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, ռուս դերասաններ Միխայիլ Տրուխինը և Նելլի Ուվարովան, հայազգի դերասաններ Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյան, Արամ Կարախանյան, Դավիթ Հակոբյան, Արման Նավասարդյան և այլք: