Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-20 09:49
ԱՄՌԱՆ ՀԻԹԸ՝ ԿՈՄԲԻՆԵԶՈՆ
Նորաձևության գրեթե բոլոր տների ամառային հավաքածուներում ներկայացված են բազմազան կոմբինեզոններ՝ միագույն և դաջանախշերով, շորտով ու տաբատով, տոնական ու ամենօրյա, գրասենյակի կամ ամառանոցային հանգստի համար։ Կարված են մեծ մասամբ մետաքսից, ատլասից, շիֆոնից, ժանյակից, բամբակից, քաթանից ու դենիմից։ Ոճային տեսք ունեն համակցված կտորներից նմուշները։

Նորաձև են ծաղկային դաջանախշով, երանգային անցումներով քնքուշ մոդելները։

Գրասենյակի համար կոմբիզոնների տարբերակիչ հատկությունը ձևվածքի պարզությունն է և գեղատարրի՝ դեկորի բացակայությունը։ Առավել հաճախ վերևն ունենում է վերնաշապիկներին հատուկ օձիք, պարանոցի դասական բացվածք՝ նավակի տեսքվ կամ կլոր բկանցք։ Սեզոնի նորաձև թրենդը սլաքներով լայն տաբատով մաքսի կոմբինեզոնն է։

Ամռան համար գերազանց տարբերակ են ուսակապերով սարաֆան կոմբինեզոնները։ Հարգի են և՛ միագույն մոդելները, և՛ բուսական, աբստրակտ, երկրաչափական կամ անիմալիստական դաջանախշերով մոդելները։

Արդիական են նաև զինվորական ոճի՝ ուսադիրներով ու վրադիր գրպաններով  խակի գույնի կոմբինեզոնները։

Ոճային այլ տարբերակ են պիջակատիպ վերևով մոդելները։ Հարգի են նաև լայն գոտիներով ու թաքնված՝ կուլիսկա գոտիներով, խոշոր ճարմանդներով ու վարդակապերով կոմբինեզոնները։

Շատ դիզայներներ իրենց մոդելներում օգտագործում են կոճակներ, կայծակ շղթաներ, կոճգամներ, դարձածալեր, կաշվե կամ կերպասե հարդարում և դեկորատիվ քուղակապում։

Ռոմանտիկ տեսք ունեն լապտերիկ թևքերով կամ խոր լանջաբացվածքով մոդելները, մերկացած ուսերով, բոլորածալերով, փոթերով կոմբինեզոնները։

Երեկոյան շքեղ կերպարի համար հարմար են ժանյակե ներդիրներով, թափանցիկ ու կիսաթափանցիկ կտորներից, թիկունքի վրա գայթակղիչ կտրվածքներով կոմբինեզոնները։ Պերճագեղ տեսք ունեն նաև բազմատեսակ ծալազարդումներով, ինչպես նաև ալիքվող ուրվագիծ ստեղծող բարձրացված գոտկատեղով մոդելները։

Շորտով ջինսե երիտասարդական կոմբինեզոնը սեզոնի անառարկելի հիթն է։ Հատկապես սիրված կլինեն լանջապանակով ու լայն ուսակապերով մոդելները։

Սեզոնի նորույթը սպիտակ դենիմից կոմբինեզոնն է։

Գեղեցիկ, տոնական կոմբինեզոնների հետ սազում են շքեղ բարձրակրունկները, ամենօրյա մոդելների հետ՝ տափակ ներբանով բոկոտիկները, նաև մարզակոշիկները։ Կոմբինեզոնների հետ համարձակորեն կարելի է համադրել գոտիներ, ոճային պայուսակներ, ուլունքներ և փոքրիկ բոլորագլխարկներ։