Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 10:05
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱԳՆ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵԼ Է ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
Հայկական սահմանները սպառնալիքի տակ են, քանի որ հակամարտության սկզբնական պատճառն ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: Այս մասին ասված է Ուկրաինայի հայերի միության ուղերձում:

«Հայաստանի նպատակը հարևանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը: Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի անհիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով»,-ասված է հայտարարության մեջ:

Ուղերձում նշվում է նաև, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտել աջակցություն ադրբեջանական կողմին՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել:

«Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարևոր հարցի մակերեսային ուսումնասիրման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով շտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում և չի պաշտպանում կողմերից ոչ մեկին: Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»,-ասված է ուղերձում: 

Ուկրաինայի հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Կազմակերպությունը նշել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն է ուշադրությունը կենտրոնացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որևիցե տարածքային պահանջներ չկան:

Ուկրաինայում շարունակում են հնչել քննադատական հայտարարություններ երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ: Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր:

Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: