Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանը
Լուսանկարները՝ Շուշան Խաչատրյանի
Տեղադրվել է 2020-07-20 10:36
ԳՅՈՒՄՐԵՑԻ ՇՈԿՈԼԱԴԱԳՈՐԾԸ
Հուլիսի 7-ին նշվեց շոկոլադի միջազգային օրը: Այդ քաղցրավենիքը սիրում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտն առանց շոկոլադի ապրել չէր կարող: Նա հանձնարարել էր, որ իր ու իր խորհրդականների գինին և շոկոլադն անպակաս լինեն անգամ պատերազմական դրության ժամանակ: Վստահ եմ՝ մեզանից շատերին է հետաքրքրում մեր սիրելի շոկոլադե սալիկների պատրաստման գործընթացը, ավելին, շատերս գուցե երազել ենք շոկոլադ պատրաստելու մասին: Այդպիսի երազանք ուներ 26-ամյա Շուշան Խաչատրյանը։ Նա ապրում է Գյումրիում և մասնագիտությամբ դերձակ-մոդելավորող է: Այժմ աշխատում է իր մասնագիտությամբ և միաժամանակ ուժերն է փորձում շոկոլադե սալիկների պատրաստման գործում։

-Ինչպե՞ս ծնվեց շոկոլադագործությամբ զբաղվելու գաղափարը։

-Երբ երկրորդ աշխատանք չէի կարողանում գտնել, մտածում էի, թե ինչ կարելի է անել հավելյալ եկամուտ ունենալու համար, և հանկարծ հիշեցի, որ տարիներ առաջ մեր տուն մի «վատ» շոկոլադ էին բերել։ Հալեցրի, մի քանի բան ավելացրի, ու ստացվեց լավ շոկոլադ: Մտածեցի, որ կարելի է շոկոլադ պատրաստել հատուկ «տեղ տանելու» համար: Բայց չէի ուզում պատրաստի շոկոլադ գնել, հալեցնել և պարզապես ձևավորել: Որոշեցի ինքս շոկոլադ պատրաստել բնական բաղադրիչներով։ Այն կունենար 2 առանձնահատկություն՝ համը և ձևավորումը։

-Հիշո՞ւմ ես քո ստեղծած առաջին շոկոլադե սալիկը։

-Երկար պրպտումներից հետո ստեղծեցի յուրահատուկ բաղադրատոմս, ապա կազմակերպեցի իմ պատրաստած շոկոլադե սալիկների համտեսը։ Մարդկանց շոկոլադը դուր եկավ։ Մեծ մասը գոհ էր, մասնավորապես սպիտակ շոկոլադից: Ասացին, որ նուրբ համ ունի: Դառը շոկոլադը նույնպես հավանության արժանացավ, իսկ կաթնայինի մասին ասացին, որ յուղայնությունը բարձր է: Քանի որ ամենապահանջված շոկոլադը հենց կաթնայինն է, հիմա աշխատում եմ բացերը շտկելու ուղղությամբ։

-Մի փոքր պատմիր քո փորձարկումների մասին։

-Շոկոլադե սալիկները պատրաստում եմ հիմնականում վաղ առավոտյան: Որպեսզի արտադրանքը միօրինակ չլինի, դրանց տեսքը համապատասխանեցնում եմ պատվիրատուի նախասիրություններին: Աշնանը էլ ավելի կզարգացնեմ իր փոքրիկ բիզնեսը, և վստահ եմ, որ այդ ժամանակ արդեն ստացած կլինեմ իր ուզած շոկոլադի համը: Մտածում եմ առաջիկայում Գյումրիում փոքրիկ սրճարան բացելու մասին։

-Երևանում աշխատելու ցանկություն չունե՞ք։

-Ընդմիշտ Երևան տեղափոխվել չեմ ուզում։ Ուզում եմ՝ այնպիսի պայմաններ ստեղծվեն մեր երկրում, որ ամեն մարդ վերադառնա իր քաղաքը կամ գյուղը, զբաղվի այն գործով, ինչը կօգնի զարգացնել իր հարազատ անկյունը, իր ծննդավայրը։ Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրն աշխատավարձի հետ է կապված: Շատերը նորմալ չեն վարձատրվում ու չեն կարողանում իրենց սիրելի գործով, նախասիրություններով զբաղվելու համար գումար հատկացնել։

Համավարակով պայմանավորված կարանտինի երկու ամիսների ընթացքում Շուշանը չի աշխատել։ Ասում է՝ չի կարողանում տանը մնալ, և այդ ընթացքում ինչ գործ էլ սկսել է, կիսատ է թողել՝ չկարողանալով կենտրոնանալ: Արդեն սկսել է աշխատել, և ամեն ինչ իր տեղն է ընկնում։