Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 18:21
ՇԱԽՄԱՏԸ`ՄՏՔԻ ԵՎ ԿԱՄՔԻ ԱԶՆԻՎ ՊԱՅՔԱՐ. ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հայ գրոսմայստերները շնորհավորել են առաջին անգամ պաշտոնապես նշվող շախմատի միջազգային օրվա առթիվ:

Հավաքականի անդամ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող Գաբրիել Սարգսյանը շեշտեց, որ շախմատի մտքի և կամքի ազնիվ պայքար է և համոզմունք հայտնեց, որ հենց դրանից է, որ հայերը շատ են սիրում շախմատը:

Կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ շախմատի հետ՝ տեսնելու նրա գաղտնիքներն ու գեղեցկությունը:

Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շնորհավորելով շախմատասերներին՝ առանձնացրեց, որ մինչ այս օրերին աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, շախմատը բացահայտում է իր գլխավոր խորհուրդը` տարածելով համաշխարհային հանրության մեջ հավասարությունը: «Շախմատը չի ճանաչում ազգություն, մաշկի գույն, շախմատում չկա խտրականություն, և այն նպատակ ունի միավորելու մարդկանց և ժողովուրդներին»,- ասաց նա:

Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով, շախմատը մարդու մեջ կարգապահություն է դաստիրարակում, հնարավորություն է տալիս արդար և ազնիվ պայմաններում պայքարել:

Աշխարհի երիտասարդների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը շախմատը համարում է հարուստ և բազմազան խաղ, որը սովորեցնում է լինել կարգապահ և հավասարակշռված:

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր: