Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-23 23:55
«ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» ԲԱԼԵՏԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն¬սյուիտ» բալետային ներկայացումը:

Թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կներկայացվի հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Դերակատարների ցանկը․ 

ԿԱՐՄԵՆ՝ Սյուզաննա Փիրումյան /ՀՀ վաստ․արտիստ/
ԽՈԶԵ՝ Սևակ Ավետիսյան /ՀՀ վաստ․արտիստ/
ԷՍԿԱՄԻԼԻՈ՝ Անդրանիկ Աբովյան
ՍՊԱ՝ Գարեգին Բաբելյան

Բեմադրիչ՝ Արմեն Գրիգորյան /ՀՀ արվեստի վաստ․գործիչ/
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

«Կարմեն» բալետային ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1845 թվականին «Կարմեն և տորեադոր» անվանմամբ:  Այն ներկայացվել է Մադրիդի «Տեատրո դել սիրկո» թատրոնում:

Սյուժետային գծի հիմքը երիտասարդ զինվորի՝ Խոսեի ազատ, անզուսպ և ինքնազոհ սերն է, որը հանուն գեղեցկուհի գնչուհու՝ ամեն ինչից առավել իր սեփական ազատությունը կարևորող Կարմենի դարձել էր դասալիք և մաքսանենգ: Կարմենը, հրապուրված լինելով տորեադորով, մահանում է սիրելիի ձեռքով, որը նրան սպանում է խանդից:

Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելով և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է  կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինը ընդամենը 20 օրում իրականացնում է Բիզեի «Կարմենի» փոխադրությունը: Վերադասավորելով հանրահայտ հատվածները` կոմպոզիտորը օպերայի երաժշտական նյութով կազմում է 13 համարից բաղկացած սյուիտ` պահպանելով այդ ժանրի հիմնական սկզբունքները (կերպարային, տեմպային, տեմբրային, ժանրային համադրումների և հակադրումների շարք): «Կարմեն-սյուիտը» բեմադրվում է որպես մեկ գործողությամբ բալետ:

Վերագործիքավորված փոխադրության մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ: