Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-24 18:46
ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՄՄՈՆՈ» 18-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԻ «ԳՈՄԵՇԸ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 1-10-ը, կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն բեմադրությամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:

Բացօթյա ներկայացումը ցուցադրվելու է օգոստոսի 1-ին՝ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում:

Ձևավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանի, նկարիչ-դիմահարդարը Թամարա Բարոյանն է:
«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և Տախի (ամորձատված խոզի), և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որ և որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց կամ նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց»,-ասել է ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովը:

Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում «Գոմեշը» պատմությունը գեղեցկի, էգի, մայրացուի մասին, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։ Այսօրվա, ինչ-որ տեղ կարծրատիպային լեզվով, սա քուեսթ է, բայց քանի որ երեկ, այսօր ու վաղը որևէ կարծրատիպ նեղ է գալու իրական արվեստին` Մաթևոսյանը Գոմեշի այս ճամփորդությունը դարձնում է արարողություն, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը։
Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին: Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց... հազիվ թե հյուսում են:
Վկա` այն, ինչ այսօր` 2020-ին, ունենք:
Վկա`Մաթևոսյանի Գոմեշը` մի ճամփորդություն դեպի մեր ներսը: