Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-28 10:54
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԴԵՌԵՒՍ «ԽՄՈՐՄԱՆ» ՓՈՒԼՈՒՄ Է
«ԿԳՄՍ նախարարության մշակած հայկական դպրոցների հայ գրականության եւ հայոց լեզվի նոր չափորոշիչների ու ծրագրերի նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկման առիթ դարձավ:

Նախարարությունը օրեր առաջ պաշտոնական գրառմամբ անդրադարձավ ծրագրին` տեղեկացնելով, որ Ոսկեդարի եւ միջնադարյան հայ գրականության ուսումնական ծրագրում ներառված են նաեւ միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան...

Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում շեշտում է` հին չափորոշիչները չափելի չէին, այնտեղ հստակ սահմանված չէր, թե ամեն ուսումնական տարվա ավարտին աշակերտից ինչ է պահանջվելու: Նրա խոսքով` հին ծրագրում հեղինակները ուղղակի հաջորդում էին մեկը մյուսին, աշակերտը ժամանակ չէր ունենում ուսուցչի հետ միասին կարդալու, վերլուծելու, ուսումնասիրելու, ընկերների հետ քննարկելու գրական երկը:

«Ամբողջ փոփոխության մեխը հենց սա է եղել, որպեսզի աշակերտը ոչ թե հեղինակ անցնի, այլ գրական երկի տեքստ ուսումնասիրի: Այս փաստաթուղթը, որը դեռեւս նախագիծ է եւ «սեւագիր», կոչվում է ծրագիր, սա դասագիրք չէ, չի էլ կարող լինել: Նախարարությունը ցանկացավ բաց հանրային քննարկում կազմակերպել, բացեց պաշտոնական կայքէջ, որպեսզի բոլոր կարծիքներն ու առաջարկները ուղարկեն մեզ, որպեսզի կարողանանք ի մի բերելով բոլոր շահագրգիռ, նախանձախնդիր մարդկանց կարծիքները` փաստաթուղթը լրամշակել, կարգի բերել»,- պարզաբանում է Թ. Ալեքսանյանը»: