Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-28 11:20
ԿՄԵԿՆԱՐԿԻ MISS SINGER ARMENIA ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Մոդելային կազմվածքով, երաժշտական տվյալներ ունեցող աղջիկներին բացահայտելու և հանրությանը ներկայացնելու նպատակով Հայաստանում կանցկացվի Miss Singer Armenia երաժշտական մրցույթը:

Մրցույթը նախատեսված է իրականացնել հեռուստատեսային ձևաչափով:

Նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մրցույթը մեկնարկում է «Միսս Երևան» Փրոդաքշնի և «21 TV» հեռուստաընկերության համատեղ ջանքերով։ Նախ կանցկացնեն քասթինգ, որին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները։ Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն 24 մասնակցին, որոնց հետ մեկ ամիս աշխատանքներ կտարվեն։ Մասնակիցները կկատարեն հայտնի հիթերի cover տարբերակները:

«Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցներն ունենան հմայիչ արտաքին, երաժշտական ունակություններ, գեղեցիկ ձայն։ Սա միայն երգի մրցույթ չէ. գեղեցկուհիները պետք է նաև մոդելային հմտություններ սովորեն։ Հիմնական գաղափարը` աղջիկներից լավագույն շոու ցուցադրողներ, նոր աստղեր «ստանալն է»,-նշեց նա:

«21TV» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը շեշտեց, որ, ի տարբերություն երաժշտական այլ նախագծերի, որոնց շրջանակում ժյուրիի անդամները երբեմն ծաղրական վերաբերմունք են թույլ տալիս մասնակիցների հանդեպ, ինչը շոուի պահանջներից է, այս դեպքում իրենք են մշակել մրցույթի կանոնները: Նրա խոսքով՝ սա պրոդյուսերական նախագիծ է։

Miss Singer Armenia հեռուստաշոուի հաղթողը որպես մրցանակ կունենա սեփական երգը, որի հիման վրա տեսահոլավակ կնկարահանվի: