Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-31 17:54
ԵՐԿՏՈՂ, ՈՐ ՓՈԽԵՑ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ...
«Ահա թե ինչ պատկերավորությամբ է նրան նկարագրում Ստեփան Զորյանը. «Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը:

Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր ՙպարզին վսեմությունը»:

Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան, որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է`սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր` հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ»: Այդ «անհամարձակ ուսուցիչը»`«Պայքարը» թևի տակ, չէր համարձակվում հրատարակչություն տանել` կասկածելով` կընդունեն, թե չէ…

Սուղ ապրած, բայց ներաշխարհի հարստությամբ օժտված մտավորականի կերպար. Նար-Դոսը` Միքայել Զաքարի Հովհաննիսյանը ծնվել է բրդավաճառի ընտանիքում և փողի քչության պատճառով հաճախ ուսումը կիսատ է թողել` մինչև զբաղվել է ինքնակրթությամբ և փականագործի աշխատանքը փոխարինել լրագրությամբ ու խմբագրական աշխատանքով, գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, ֆելիետոններ, պիեսներ, վեպեր, վիպակներ։ Հավատում էր գրականության դերին հասարակական կյանքում և արժեքավորում ռեալիստական մտածողությունը, մերժում զոլայական նատուրալիզմը, որ ժառանգության տեսությամբ հիվանդացնում է ընթերցողի մարմինն ու հոգին, ջլատում հոգեկան ուժերը, կյանքը դարձնում անտանելի պատիժ, մինչդեռ գրականությունը կոչված է գեղարվեստականության ուժով դրականորեն ազդելու մարդու մտքի ու սրտի վրա և հոգեբանության միջոցով էլ արտացոլել նրա իրական ներաշխարհը»։