Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-31 18:04
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՅՍ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ 10 ՄԼՆ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագիծը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ տարի:

Այս մասին Փաշինյանն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում:

«Ցավում եմ, որ կորոնավիրուսի պատճառով մենք այս տարի չենք կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու մեծ նախագիծը, բայց հույս ունենք, որ մյուս տարի կիրականացնենք»,- ասաց Փաշինյանը:

«10 մլն ծառ» նախաձեռնությամբ նախատեսվում էր մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը Հայաստանում տնկել 10 մլն ծառ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղափոխել է նախաձեռնությամբ սահմանված թիրախին հասնելու վերջնաժամկետը: