Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-05 08:58
ԱԱԾ-Ն ՍՏՈՒԳՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԵՐՎԵՐՆԵՐ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին այն մասին, որ ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգերը ենթարկվել են ադրբեջանական հաքերային հարձակման:

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Գևորգյանը:

Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն: