Նյութը՝ համացանցից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-06 18:15
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՆ, ՔԱՆ՝ ՆԵՐԿՐՈՒՄ
Հայաստանում արտադրված դեղերի 50 %-ն արտահանվում է։ Վերջին 5 տարիներին Հայաստանն ավելի շատ դեղորայք է արտահանել, քան ներկրել է։ Դեղերը հիմնականում արտահանվել են Վրաստան, ներկրվել՝ Ռուսաստանից։

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանն այն երկրների ցանկում է, որտեղ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է դեղագործական ճյուղը։

Վերջին 5 տարիներին՝ 2016-2020թթ., Հայաստանը արտահանել է 12 289 տոննա դեղամիջոց՝ 47 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի։

Դեղորայքը Հայաստանից արտահանվում է մոտ 20 երկիր, սակայն հիմնական երկրներն են Վրաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Եմենն ու Տաջիկստանը։

Հայկական դեղերի արտահանման մեծ ծավալներն ապահովում են տեղական 4 խոշոր արտադրող՝ «Լիկվոր»-ը, «Արփիմեդ»-ը, «Մեդիկալ Հորիզոն»-ն ու «Էսկո Ֆարմ»-ը։

«Լիկվոր» ընկերությունը հիմնականում արտահանում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հիմնական արտահանվող արտադրանքը ակնաբուժական դեղորայքը, ինֆուզիոն լուծույթներն ու հակաբիոտիկներն են։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, ընկերությունը նախորդ տարվա համեմատ հակագլաուկոմային միջոցների արտադրության 70 % աճ է ունեցել, իսկ 2020թ․ միայն առաջին կիսամյակում 1,8 մլն ԱՄՆ դոլարի արտահանում է իրականացրել։

Հաջորդ խոշոր արտադրող «Արփիմեդ»-ն է. արտահանում է մոտ 70 անուն դեղ։ Ընկերությունն իր արտադրանքի 40 %-ն արտահանում է։

«Արփիմեդ»-ի կողմից արտահանվող հիմնական դեղերից է «Բենզոնալ»-ը, որը հակաէպիլեպտիկ դեղամիջոց է։ «Արփիմեդ»-ը հոգեմետ դասի դեղերը մեծ մասամբ արտահանում է Վրաստան։

Ընկերության հոգեխթանիչ դեղերից «Գլիցին»-ը և «Տետրացիկլին»-ի ակնաքսուկը հիմնականում արտահանվում են Ուկրաինա, «Մետրանիդազոլ-դենտա»-ն, որն օգտագործվում է ատամնաբուժության մեջ, արտահանվում է Ուզբեկստան։

«Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը հիմնականում արտահանում է տարբեր տեսակի մոմիկներ՝ ջերմիջեցնող, հակասնկային, ինչպես նաև՝  օշարակներ՝ հատուկ պատվերով։ Վերջին շրջանում ընկերությունն արտադրել է նաև ալկոգելեր։

«Էսկո ֆարմ»-ի արտադրանքից հիմնականում արտահանվում է բերանի խոռոչի հեղուկներ և քթի կաթիլներ և արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերության արտադրած «Միկրոհոգնա» լուծողական միջոցն է արտահանվում Վրաստան։ Դարձյալ, վերջին շրջանում ալկոգելեր է սկսել արտադրել։

«Դեղ արտադրողների միության» տնօրեն Թագուհի Փիրուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական արտադրության դեղերի 50 %-ից ավելին արտահանվում է. «Մեր արտադրողները գնալով զարգանում են, մեր միության անդամ ընկերությունները միմյանց օգնում են արտադրման գործընթացներում։ Բացի այդ, այսօր պետությունն էլ կարծես շահագրգռվածություն է ցուցաբերում օգնել ընկերություններին։ Օրինակ, վերջերս մենք ներկայացրել ենք Կառավարությանը «Ֆարմա 2020-2025» զարգացման ծրագիրը՝ 2020 թ արտահանման խթանման ռազմավարության շրջանակներում»,- ասաց Թ. Փիրուզյանը։

Ըստ նրա՝ ծրագրով նախատեսվում է դեղարտադրողներին տրամադրել ոչ միայն հարկային արտոնություններ, այլ նաև՝ ֆինանսական աջակցություն։ Շատ կարևոր է նաև միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, որը շատ կարևոր խթան է նոր կապեր ստեղծելու և համագործակցության հնարավորություններ ունենալու համար։ Թ. Փիրուզյանը նշեց, սակայն, որ դեռ պարզ չէ՝ երբ կուսումնասիրեն իրենց առաջարկն ու եզրակացություն կտան։

Այն հարցին, արդյոք արտահանվող հայկական դեղերի որակից երբևէ դժգոհություններ եղել են, Թ. Փիրուզյանը պատասխանեց, որ ինքը, հակառակը, միշտ դրական կարծիքներ է լսել միջազգային գործընկերներից։

Հայկական դեղերի 82 %-ն արտահանվում է Վրաստան։ 2016-2019թթ Վրաստան է արտահանվել 9447.9 տոննա դեղամիջոց, ընդհանուր՝ 9,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Նույն ժամանակահատվածում Ռուսաստան է արտահանվել դեղորայքի ընդհանուր ծավալի 12,5 %-ը։ Մասավորապես, Ռուսաստան է արտահանվել 1438.3 տոննա դեղորայք, ընդհանուր՝ 19,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը կազմում է դեղորայքի արտահանման ընդհանուր եկամուտի 41 %-ը։

Ուզբեկստան է արտահանվել դեղերի 2,3 %-ը՝ 267.7 տոննա, ընդհանուր՝ 5,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Արտահանման ծավալների 1,3 %-ը բաժին է հասնում Եմենին. 2016-2019թթ Եմեն է արտահանվել 145.2 տոննա դեղորայք՝ 451 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Հայաստանից արտահանված դեղերի 0,45 %-ն արտահանվել է Տաջիկստան՝ 52.2 տոննա, ընդհանուր՝ 627 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

2016-2020թթ ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանը չի արտահանել այնպիսի դեղամիջոց, որը օգտագործվում է բուժական կամ պրոֆիլակտիկ նպատակներով, սակայն առանձնացված, փաթեթավորված և դեղաչափված չէ մանրածախ վաճառքի համար նախատեսված դեղաձևերով

Վերջին 5 տարիներին Հայաստանը ներկրել է մոտ 4 տոննա ավելի քիչ դեղորայք, քան արտահանել է՝ 8 480 տոննա, ընդհանուր՝ 606 մլն 452 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

Դեղերը Հայաստան են ներկրվում մոտ 70 երկրից, սակայն հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելառուսը, Սլովենիան և Իտալիան։

Դեղերի 40 %-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից։ 2016-2019թթ ներկրվել է 3165 տոննա դեղորայք, ընդհանուր՝ 41,7 մլն ԱՄՆ դոլարի։

Դեղորայքի 8,2 %-ը Հայաստան է ներկրվել Գերմանիայից։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում ներկրվել է 638 տոննա դեղորայք՝ 87,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

7,1 %-ը Հայաստան է ներկրվել Ֆրանսիայից՝ 557.2 տոննա, ընդհանուր՝ 48,8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ներկրված դեղորայքի 2,25 %-ը բերվել է Սլովենիայից՝ 175.9 տոննա՝ 12,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, 1,8 %-ը՝ Իտալիայից՝ 138.4 տոննա՝ 9,7 մլն ԱՄՆ ընդհանուր արժեքով։