Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-07 09:22
ՍԱ ՇԱՀԵՐԻ ԹՎԱՑՅԱԼ ԲԱԽՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է շահերի բախման առկայությունը "Միբս" ընկերության հետ պայմանագրեր կնքելիս:

Facebook-ի իր էջում նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, մասնավորապես, նշել է. "Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին, ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում: Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:

Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը: Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար: Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի":

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ շահերի ակնհայտ բախման դեպքի հիման վրա: Վարույթը հիմնված է data.hetq.am տվյալների վրա, որոնց համաձայն,  առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել "Միբս" ընկերության հետ, որի տնօրենը Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը: Ըստ աղբյուրի՝ 2018 թվականի մայիսին Թորոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո նախարարությունը "Միբս" ընկերության հետ կնքել է 5 պայմանագիր՝ 124 մլն դրամ ընդհանուր գումարով: Մինչ այդ նախարարության և "Միբս"-ի միջև կնքվել է ծառայությունների մատուցման երկու պայմանագիր։

 

"Միբս"-ը ստեղծվել է 2003 թ.՝ ներգրավելով միայն մասնավոր ներդրումներ: Գործունեության հիմնական ուղղությունը ՌԴ-ում եւ մերձավոր արտասահմանում ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է ՝ բնակչությանը ախտորոշման եւ բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդներով ավելի լիարժեք ապահովելու համար: Ավելի վաղ "Միբս"-ի երեւանյան մասնաճյուղը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը: