Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-11 09:22
ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ
Ամառային նորաձևության գունապնակը բազմազան է։ Չափազանց նորաձև են գունամատիտային երանգները։

Արդիական են մարմնագույնի բոլոր երանգները, որոնք սազում են առանց բացառության բոլորին։ Դիզայներներն առաջարկում են թեթև թափանցիկ զգեստներ, նուրբ, բարակ շիֆոնից կամ մետաքսից բլուզներ և փեշեր, նաև կոստյումներ, որոնք երկրորդ մաշկի տպավորություն են թողնում։

Այդուամենայնիվ պակաս արդիական չէ վառ, հագեցած գունափունջը։ Դրանց թվում արժե նշել հատկապես կանաչը՝ իր բոլոր նրբերանգներով, որոնք իրենց մոդելներում լայնորեն օգտագործում են շատ հայտնի ապրանքանիշներ։ Նորաձևության տներից շատերը ներկայացրել են կանաչի զանազան երանգների գեղեցիկ զգեստներ՝ լրացնելով դրանք դարչնագույն երանգների պայուսակներով և սանդալներով։ Տարբեր հավաքածուներում առկան են նաև ցիտրուսային տարբեր երանգներ։ Առանձնապես գեղեցիկ են այդ երանգների զգեստները, ազատ ձևվածք ունեցող փեշերը և թեթև, թափանցիկ բլուզները, ինչպես նաև ծաղկային ներդիրներով զարդարված վինիլային զգեստները։

Նեոնային գույներն այս սեզոնում դիզայներներն օգտագործում են առավելապես պարզ ձևվածքի հագուստներում, ինչը կերպարին առանձնակի հմայք է հաղորդում։

Ամռան սեզոնի նորաձև գունապնակում կապույտի բոլոր երանգներն են, սաթե դեղինը, զաֆրանը՝ դեղնանարնջագույնի երանգները, վառ վարդագույնը և մետաղական երանգները։ Դեղին գույնի հագուստ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ ձևվածքը զուսպ, լակոնիկ լինի, զերծ ավելորդ տարրերից։ Քնքուշ դեղին երանգների հետաքրքիր մոդելներ կարելի է տեսնել մի շարք հավաքածուներում։

Գույները կարելի է համակցել թե՛ ավանդական զուսպ եղանակով, թե՛ առավել համարձակորեն։ Այսպես՝ կանաչ բլուզի հետ կարելի է ընտրել նարնջագույն տաբատ ու սև-սպիտակ պայուսակ։ Ամռան համար անչափ հետաքրքիր տարբերակ է սպիտակի և դեղինի համակցումը, ինչպես նաև դեղին-սպիտակ դաջանախշերի օգտագործումը։

Ձյունաճերմակ վերևը կարող է կատարյալ հիմք դառնալ զգեստապահարանի համար։ Սպիտակ վերնաշապիկը շահեկան տեսք ունի A-աձև ուրվագծով, ցայտերանգ կոճակների շարքերով և նույներանգ լայն գոտիով բաց գույնի փեշի հետ։ Շատ դիզայներներ նախապատվությունը տվել են ոչ ստանդարտ ձևվածքներին, օրինակ՝ բաց ուսերով կամ անհամաչափ տարրերով կամ տարբեր երկարության բլուզներին ու վերնաշապիկներին։ Ուշագրավ են տեքստիլից ձյունաճերմակ զգեստները։ Սեզոնի նորաձև թրենդներից է մինիմալիզմը. միագույն լրակազմեր ուղիղ կտրվածքներով զուսպ միդի զգեստների հետ, սև խստաոճ կոստյումներ և տափակ ներբանով համեստ սանդալներ։