Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Տեղադրվել է 2020-08-12 21:35
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ երիտասարդներ, Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։

Միջազգային օրվա այս տարվա կարգախոսը` «Երիտասարդների ներգրավվածությունը գլոբալ գործընթացներում», ենթադրում է ձեր ակտիվ ներգրավվածությունը տեղական, ազգային, ինչպես նաև համաշխարհային ինստիտուտներում և գործընթացներում: Այս կարգախոսն ավելի քան արդիական է Հայաստանում, որտեղ 2018 թ.-ի Թավշյա հեղափոխության և ժողովրդավարական զարգացումների արդյունքում առկա են հանրային կյանքի տարբեր ինստիտուտների կայացման մեջ քաղաքացիների և լայն հանրության մասնակցության բոլոր հնարավորությունները, իսկ այդ գործընթացում երիտասարդների ակտիվությունն ուղղակի անգնահատելի է:
Աշխարհն այսօր բախվում է բազում մարտահրավերների, և դրանցից անմասն չէ մեր երկիրը, որն ունի նաև իրեն բնորոշ խնդիրներ: Պատրաստի դեղատոմսեր չկան. լուծումները գտնելու ենք միասին: Այդ առումով կարևոր են վերջերս մեկնարկած «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության
» մշակման աշխատանքները, որոնք մենք շարունակելու ենք ձեզ հետ համատեղ` վեր հանելու ձեր առջև ծառացած խնդիրները, ուղենշելու այն թիրախները, որոնց ուղղությամբ պետք է առաջիկա հինգ տարիներին միասին աշխատենք։ Համոզված եղեք, որ նախարարությունը վստահելի աջակից է ձեր նորարար գաղափարներին, ձեր միտքն ու կարողությունները երկրի առանցքային խնդիրների լուծմանը ծառայեցնելու կարևոր գործում։ Թեև Covid-19-ով պայմանավորված՝ երիտասարդական որոշ ծրագրեր ստիպված ենք եղել չեղարկել, բայց լավատեսությամբ և միասնական հաղթանակի աննահանջ ձգտմամբ շարժվելու ենք առաջ՝ գիտակրթական, մշակութային, մարզական և մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր նվաճումների ու հաղթանակների սպասումով։
Մենք ուժեղ ենք մեր երիտասարդներով։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ նոր գաղափարներ, ամուր կամք, ճկուն միտք և բազում նվաճումներ։