Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-18 09:13
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԻ ՄԵԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ. ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք կատարած այցից հետո ընդգծեց, որ Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ: Այս մասին վարչապետն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման և լուսավորության համակարգերով: Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Գեղարքունիք կատարած այցը բավական տպավորիչ է ստացվել:

«Մենք 2018թ. ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Վարդենիսից դեպի Շողակաթ եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել, բայց հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել: Մի կտոր էլ կա ճանապարհի, որը քանդված է, սողանքային գոտի է և պետք է ավելի հիմնավոր կառուցել: Մենք կարող ենք ասել, որ այսօր Սևանի շուրջ ճանապարհն ամբողջությամբ հասանելի է: Տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է: Այդ բանաձևի անունն է՝ սուբվենցիոն ծրագրեր»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետագայում այց կկատարի նաև «Սևան» ազգային պարկ: