Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-18 09:25
ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԱՍԱՊՐՈՑԵՍԸ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը դասապրոցեսը նաև բուհերում վերսկսելու որոշում է կայացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից»,- գրել է նախարարը:

Հարությունյանը հայտնել է, որ մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

«Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: