Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-20 09:11
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Բնապահպանության, արտադրության էկոլոգիայի, մոլորակի էկոլոգիայի հարցերը շատ արդիական են և օրախնդիր։

Այս ամենն այնքան է մտահոգում մարդկությանը, որ մարդիկ արդեն սկսում են մտածել հոգեբանական էկոլոգիայի մասին։ Արդեն գործածության մեջ է մտել «էկոլոգիական շփում» եզրույթը։ Ի՞նչ ենք հասկանում «էկոլոգիական շփում» ասելով, որո՞նք են այդպիսի շփման հիմնական սկզբունքները։ Էկոլոգիականությունը ներառում է անվտանգություն։ Անվտանգություն ոչ միայն բնության, շրջակա միջավայրի հանդեպ մեր վերաբերմունքում, այլև յուրաքանչյուրիս անձնական տարածքին վերաբերող հարցերում։ Էկոշփումը, առաջին հերթին, հարգանք է սեփական անձի հանդեպ, որն ինքնաբերաբար տարածվում է նաև մյուսների վրա։ Այլ կերպ ասած՝ մենք զտում-ֆիլտրում ենք մեր մտքերը, հրաժարվում և խուսափում ենք ապակառուցողական առաջարկներից, իրար չենք խառնում հակասական գաղափարները և ընտրում ենք անձնական անվտանգության մարտավարություն՝ չմոռանալով նաև այն մարդկանց անվտանգության մասին, որոնք թանկ են մեզ համար։

Կենսափորձով է ապացուցված, որ մենք մեզ շրջապատում ենք այնպիսի մարդկանցով, որոնք ընդունակ են կառուցել ամուր հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և դիմացինի կարծիքը լսելու, ընդունելու վրա։ Մարդկային փոխհարաբերություններում ծագող խնդիրների պատճառը հիմնականում միմյանց չլսելն ու չհասկանալն է. ամուսինը չի լսում կնոջը, ծնողը՝ երեխային, ղեկավարությունը՝ աշխատակիցներին։ Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Այո՛, բոլոր առճակատումներն ու հակամարտությունները, անկախ մասշտաբից, ծնվում են հիմնականում միմյանց չհասկանալու, իրենց դիմացինի վիճակում պատկերացնելու ցանկության բացակայության, դիմացինի անձնական տարածքը անտեսելու պատճառով։ Այսպիսի փոխհարաբերություններն ընդունված է անվանել տոքսիկ՝ «թունավոր»։

Իրականում միշտ էլ կարելի է խուսափել վեճերից, փոխադարձ վիրավորանքներից, ցավալի բաժանումներից։ Դրա համար պարզապես պետք է յուրացնել էկոլոգիական շփման փիլիսոփայությունը։ Այն ներառում է 7 հիմնական սկզբունքներ.

-սեր և հարգանք սեփական անձի հանդեպ, ներքին ներդաշնակություն (չպետք է շփոթել եսասիրության հետ),

-սեփական անձնական տարածքի սահմանազատում և դրա պահպանում,

-հարգանք ուրիշների անձնական տարածքի հանդեպ,

-սեփական խոցելիության խոստովանում, սեփական թուլությունների հանդեպ վախի բացակայություն,

-մտերիմին կարեկցելու և նրան երջանկություն մաղթելու անկեղծություն,

-մեծ պատասխանատվություն սեփական հավասարակշռության, վարքագծի և կատարած քայլերի հանդեպ,

-սոցիալական ինքնուրույնություն և նյութական անկախություն։

 

Այս սկզբունքների պահպանումը զգալիորեն կհեշտացնի ձեր կյանքը։ Կարճ ժամանակ անց կզգաք, որ շատ բան ընկել է իր տեղը, որ այլևս չեն ծագում «Ինչո՞ւ են իմ հանդեպ այսպես վարվում», «Ինչո՞ւ ես մարդկանց դուր չեմ գալիս», «Ինչո՞ւ մարդիկ չեն անում այնպես, ինչպես ես եմ ուզում» և նմանատաիպ հարցեր։ Յուրացնելով էկոլոգիական շփման հմտությունները՝ դուք ընդմիշտ ձեր բառապաշարից կհանեք «բոլոր կանայք անազնիվ են», «բոլոր տղամարդիկ սրիկաներ են» և նմանատիպ արտահայտությունները, քանի որ կվերանայեք մարդկային հարաբերությունների հանդեպ ձեր հայացքները։ «Անազնիվներն» ու «սրիկաները» ընդհանրապես կանհետանան ձեր շրջապատից։

Էկոշփման նրբություններին տիրապետելու համար ցանկալի է միշտ հիշել ինքներդ ձեր և շրջապատի առաջ ունեցած ձեր պատասխանատվության մասին։ Մեղքն ուրիշի վրա բարդելու, դիմացինից ինչ-որ բան պահանջելու փոխարեն ինքներդ ստանձնեք ձեր կյանքում կատարվող իրադարձությունների պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը ակտիվ դիրքորոշում է, որը ենթադրում է նաև ձեր գործողությունների հետևանքների գիտակցում և ընդունում։ Փորձեք փոխել ձեր դժգոհության թիրախը։ «Դու էիր մեղավոր» ասելու փոխարեն ասեք. «Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց»։ Ձեր մասին խոսելով՝ դուք երկխոսության տեղ եք թողնում, կառուցողական զրույց վարելու, ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն եք ստեղծում։ Մարդիկ չեն սիրում լսել քննադատական խոսքեր։ Քննադատությունը հիմնականում ընկալվում է որպես ներխուժում անձնական տարածք, և մարդն իրեն փորձում է պաշտպանել մեկուսանալով։ Ընդունեք ձեր խոցելիությունը, ինքներդ դարձեք ձեր հոգեբանը, փորձեք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, ձեր թուլությունները։ Եվ երբ ինչ-որ խոսք կամ արտահայտություն ձեզ վիրավորական է թվում, չափից ավելի մի կարևորեք այն։ Մի՛ շտապեք նեղանալ և կամ անմիջապես հակահարված տալ։ Այդպե՛ս միայն հնարավոր կլինի պահպանել ձեր դեմքը անգամ թուլության պահին։ Հաջորդ քայլն արդեն պետք է լինի հստակություն մտցնելը։ Մի՛ կարծեք, թե ակնարկը, տողատակը միշտ հասկանալի է բոլորին։ Թյուրըմբռնումից խուսափելու համար հանգիստ ասեք, թե ինչից եք դժգոհ։ Այսուամենայնիվ, ոչ ոք չի պնդում, թե բոլոր տարաձայնությունները հնարավոր է բացառել։ Հոգեբանները համոզված են, որ անգամ ամենաամուր ու անսասան թվացող հարաբերություններում հակասությունները, բախումները ոչ միայն անխուսափելի են, այլև՝ բնական։ Պարզապես պետք է սովորել «ճիշտ» վիճել։ Իսկ «ճիշտ» վեճի նպատակը ոչ թե միմյանց փոխադարձ վիրավորանքներ հասցնելն է, այլ անձնական կարծիքն արտահայտելով, փոխզիջման գնալով՝ հարցին լուծում տալը։

Փորձեք այսուհետ այսպես կառուցել ձեր հարաբերությունները։ Էկոշփման նպատակը մարդկային հարաբերություններից՝ մտերմիկ, թե գործնական, բավականություն ստանալն է։