Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-08-31 09:05
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ LEVEL UP՝ ԽԱՂՈՒՄ, ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ
Ընտրում ես զենքը, հարմար դիրքավորվում, նշան բռնում ու կրակում։ Չէ, հրաձգարանում չեմ, էկրանի դիմաց եմ։ Հաճախորդներին Նարեկն օգնում է հայտնվել վիրտուլ խաղում։ Սա նրա նոր մասնագիտությունն է։ Չորս տարվա փոխարեն երկու շաբաթ պահանջվեց, որ հաճախորդից դառնա աշխատող։

 «Ժամանակի ընթացքում հասկացա, որ պետք է գալու կողքից մեկ այլ գործ քո սրտով, որ համ էլ շահավետ կլինի։ Եթե չէ, ավելի լավ է անես ուրիշ գործ, քան քո մասնագիտությամբ անես, բայց քո սրտով չլինի, քո որպես դերասան մտածելակերպիդ չհակասի էլի, անորակ գործ չանես»։

Նարեկի հետ զրույցն անընդհատ չի կայանում․ մեկ շտապում է նկարահանման, մեկ էլ կապն է ընդհատվում։ Գիշերն աշխատում է, ցերեկը՝ նկարահանվում։

Մինչ Նարեկը կվերադառնա, պայմանավորվում եմ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի հետ։ Նկարահանման հրապարակում ենք։ Իրար կից սենյակներում դեկորատիվ կյանքը կանգ է առել։ Գրասենյակում կիսատ թողած շախմատն է, խոհանոցում՝ սուրճը, իսկ հյուրասրահում կինոյի կախարդանքի օգնությամբ ցերեկը դառնում է գիշեր։

Դավիթ Հակոբյանը պահանջված դերասան է։ Հիմա աշխատում է մի քանի նախագծերում։ Սերիալներ, ֆիլմեր, շուտով նաև թատրոնն է վերաբացվելու։

«Ես մի քանի տեղ եմ աշխատում, բայց իհարկե բոլորը չէ, որ մի քանի տեղ են աշխատում։  Վերջերս ուսանողներս նույնիսկ կատակ էին արել, ասում էին իմացա՞ք Հակոբյանին գործից հանել էին, հիմա ընդհամենը հինգը տեղ է աշխատում»։

Սակայն երբ նոր էր ավարտել, իրավիճակը ներկայիս երիտասարդ դերասանների վիճակից շատ չէր տարբերվում։

 «Այն ժամանակ դա 120 ռուբլի էր և քո օրվա հացը, տրանսպորտի գումարը ապահովում էր, բայց ճոխություն չէիր կարող քեզ թույլ տալ։ Եթե կոպիտ բացատրեմ ջինսե տաբատը, որ հիմա առնում ենք տաս հազարով, այն ժամանակ կարող է արժենար 50-60 ռուբլի։ Ճոխ բաներ չէիր կարող քեզ ապահովել, հետո ձեռքի հեռախոս չկար, այդ ավելորդ ծախսերը չկար, որ այսօր ավելորդ չէ, դարձել է անհրաժեշտ»։

Դավիթ Հակոբյանը վստահեցնում է՝ եթե օրենսդրական փոփոխություններ արվեն՝ թատրոնները շատ արագ ոտքի կկանգնեն։ Մի մասը կշարունակի աշխատել, մի մասն էլ կփակվի։

«Դա միշտ է այդպես եղել, մեր հին թատրոններն ովքեր են հովանավորել, Մանթաշյանները, Գյուլբենկյանները, տաղանդավոր մարդկանց՝ Կոմիտասի համար ո՞վ է դաշնամուր և սրինգ գնել, Մանթաշյանը։ Այ կտեսնեք, թե ինչ լուրջ փոփոխություններ կկատարվեն, երբ ժողովուրդը ինքը, բիզնեսմենը, արտադրողը, փող շինողը դառնա մասնակիցը այդ ամենի»։

Տեսարանը զարգանում է, իրավիճակը՝ պայթում։ Մեկ ակնթարթում դերասանուհին սկսում է լացել, դերասանը՝ ափերից դուրս գալ։

«Այդ բոլորը փորձառություն է, չկարծեք, թե դա դերասանի հետ կապ չունի, և անպայման, եթե լավ ապրանք կա, այդ լավ ապրանքը անպայման մի օր նկատվում է։ Ոչ մի ռեժիսոր չի ուզենա վատ դերասանների հետ աշխատել, նա միշտ փնտրում է լավ դերասանների, ընդգծված դերասանների, աչքի ընկնող դերասանների»,- ասում է Հակոբյանը։

«Ինձ թվում է՝ նախ առաջինը պետք է վերանա շտատ ասվածը, որ դերասանը գիտի ինքը ստանում է ամիսը 70 կամ 80 հազար դրամ, որ էլի շատ քիչ է, ինքը գալիս է, կոպիտ ասած, գործի, ոչ բոլորի մասին է խոսքը, ինքը գիտի, որ մեկ է դրանից ավելի կամ պակաս չի ստանալու, ինքը ամսվա մեջ մեկ ներկայացում կխաղա, թե քսան հատ կխաղա, ու դրանից համ որակն է ընկնում, համ որպես դերասան աճն է ընկնում», — Նարեկի հետ ի վերջո զրույցը շարունակելու տարբերակ ենք գտնում։

Դերասանների մի մասը թողնում է մասնագիտական աշխատանքը՝ հիմնական աշխատանքը չկորցնելու համար։ Համատեղել ոչ բոլորին է հաջողվում։ Հակառակ դժվարություններին՝ Նարեկը զբաղվելու է դերասանությամբ։

«Միանշանակ ուզում եմ շարունակեմ ու վստահ եմ` շարունակելու եմ։ Թող դա լինի տարին մի հատ ֆիլմով, կամ տարին մի հատ ներկայացումով, բայց հաստատ շարունակելու եմ, որովհետև սա իմ ընտրությունն է, սրա մեջ լավ կողմն այն է, որ դու սկսում ես քոնը ստեղծել, չես սպասում ինչ-որ մեկի առաջարկին, ինչ-որ մեկի հույսով չես մնում, դու անում ես քոնը, դու փորձում ու մտածում ես անել քոնը»,-եզրափակում է Նարեկը։

Երկընտրանքը տեսանելի է՝ սովորել մի քանի տարի ու չաշխատել կամ աշխատել չնչին գումարով և համառորեն հմտանալ մասնագիտության մեջ։ Նարեկն ու Դավիթ Հակոբյանը տարբեր սերնդից են։ Նրանք վստահ են՝ ուրիշ մասնագիտություններն իրենց կյանքում ժամանակավոր են, ինչպես ֆիլմում ժամանակավոր են իրենց ստեղծած կերպարները կամ համակարգչային խաղում՝ նույն փուլում մնալը։ Իսկ հաջորդ փուլ անցնելու համար ընտրում ես զենքը, հարմար դիրքավորվում, նշան բռնում ու կրակում։