Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-31 18:22
ՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԻՄ ԿՂԶՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Թուրքիայի քաղաքացիները Վանի տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով իշխանություններից պահանջում են վերականգնել Վանա լճի մեծագույն կղզու՝ Լիմի (թուրքերն այն անվանում են Ատըր) Ս.Գևորգ հայկական եկեղեցին։

Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան «Ազդակ» օրաթերթից, որը վկայակոչում է թուրքական «Տողան» լրատվական գործակալությունը:

Վանի բնակիչները համոզված են, որ Լիմը շատ կարևոր է կրոնական զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և շեշտում են տակավին կիսականգուն մնացած եկեղեցին հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտությունը: Աղբյուրը հաղորդում է նաև, որ, անցյալ տարի Թուրքիայի պետական «Ռեսմի կազեթե» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի որոշումը, որի համաձայն Վանա լճի 4 մեծ կղզիներից երեքը՝ ներառյալ Լիմը, ընդգրկված են բնական արգելոցի տարածքում:

Լիմը Վանա լճի կղզիներից ամենամեծն է. երկարությունը՝ 2 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ։ Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։ Ըստ ավանդության՝ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորիչը հիմնադրել է Լիմի անապատը, որտեղ 14-րդ դարի սկզբին գործել են սուրբ Աստվածածին, սուրբ Կարապետ և սուրբ Գևորգ եկեղեցիները։ Սուրբ Գևորգ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1305 թվականին, իսկ կից շինությունները կառուցվել են 1621 և 1766 թվականներին։ Լիմի անապատը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622 թվականին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը։ Կղզում պահպանվել են նաև գերեզմաններ ու խաչքարեր: