Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-02 08:49
ԳՅՈՒՄՐՈՒ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՑՕԹՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Սեպտեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը երկար դադարից հետո ներկայացավ հանդիսատեսին։

Բացօթյա  ներկայացմամբ մանուկ հանդիսատեսի  դատին հանձնվեց «Կորժիկը, Կոմպոտն ու Կարամելկան» շոու-ներկայացումը: Մանկական այս  շոու-ներկայացման առաջնախաղը  նախատեսված էր մարտի 14-ին:

Բացօթյա  ներկայացումը  տեղի ունեցավ Գյումրու Հայորդաց տան բակում: «Դեկորացիան, բնականաբար, կիսատ  է, լույս ու այլ հնարավորություն չկա, դրան զուգահեռ էլ`  շոգը: Մենք այս ներկայացմանը փորձեցինք այնպես անել, որ պահպանվի հեռավորությունը, հաջորդիվ կանենք, որ բոլոր թերությունները վերացվեն»,-նշում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով թատրոնը կկարողանա հանդիսատեսին ընդունել իր ծածկի տակ, իսկ մինչև այդ թատրոնը պատրաստ է բացօթյա հանդես գալ այն ներկայացումներով, որոնք դրա հնարավորությունն ունեն: «Սա շոու-ներկայացում էր,  ու ձևաչափը թույլ էր  տալիս բացօթյա ներկայացնել այն: Նպատակ կա  նաև «Երկնագույն շան աչքերը» ներկայացնել արդեն այլ տարածքում»,-հավելեց  տնօրենը:

Չնայած այս ընթացքում  թատրոնի դռները փակ են  հանդիսատեսի համար, բայց թատրոնը ստեղծագործական ակտիվ աշխատանքեր էր ծավալում՝ պատրաստելով թատերական նոր ներկայացումներ, նոր նախագիծ: «Երբ արդեն պարետատան կողմից լինի որոշում, որ կարող ենք հանդիսատեսին ընդունել, կամ թեկուզ սահմանափակ հանդիսատեսով, կներկայացնենք  այդ ամենը: Գյումրու թատրոնը հանդիսատեսին «պարտք է» ավելի քան 20 ներկայացում: Հանդիսատեսը սպասում է», - ասաց նա: