Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-03 08:37
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԵՒ ԱՐԵՒԵԼԱՉԻՆԱԿԱՆ ԾՈՎԸ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ ՏԱՔԱՑԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՒ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Խաղաղ օվկիանոսի եւ Արեւելաչինական ծովի մակերեւույթը Ճապոնիայի մի շարք ափամերձ շրջաններում օգոստոսին տաքացել Է մինչեւ առավելագույն բարձր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:

Այդ մասին հայտնել Է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Օդերեւութաբաններն արձանագրել են, որ ջրի ջերմաստիճանը Հոնսյու կղզու արեւմտյան եւ արեւելյան մասերի ափերի մոտ, ինչպես նաեւ Օկինավա եւ Ամամի հարավային կղզիների շրջանում անցյալ ամսին կազմել Է շուրջ Ցելսիուսի 30 աստիճան կամ նույնիսկ ավելի: Դրանք ռեկորդային ցուցանիշներ են 1982 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ տվյալների հաշվառումը:
Այսպես, Օկինավայի պրեֆետուրայից դեպի արեւելք, որը ողողում Է Արեւելաչինական ծովը, անցյալ ամսին ջրի միջին ջերմաստիճանը կազմել Է 30,7 աստիճան, ինչը 2,1 աստիճանով բարձր Է սովորական մակարդակից: Հոնսյուի արեւմտյան ծովեզերքի շրջանում, ինչպես նաեւ Սիկոկու կղզու մոտ նույնպես արձանագրվել Է ջերմաստիճանի բարձրացում մոտավորապես 1,5 աստիճանով:

Օդերեւութաբանները կարծում են, որ ռեկորդային տաքացումը կապված Է Խաղաղ օվկիանոսի վրա առաջացած բարձր ճնշման գոտու հետ, որը ծածկել Է Ճապոնիան եւ նպաստել տաք օդի ներհոսին: Թայֆունները մինչ այժմ նույնպես շրջանցել են Ճապոնիան, ինչը բարենպաստ միջավայր Է ստեղծել ջրի ջերմաստիճանի բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ չափազանց տաքացումը կարող Է հանգեցնել ջրի գոլորշու մեծ քանակության բարձրացման, ինչն աշնանը կնպաստի արեւադարձային փոթորիկների զարգացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: