Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-03 22:15
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՈՒ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ
Հանրակրթական հաստատություններին պաշտպանիչ միջոցների գնման համար անհրաժեշտ գումար կհատկացվի։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Աշակերտները (սաները, ուսանողները), և մանկավարժական ու վարչական անձնակազմը, ըստ նախագծի՝ մեկ ամսվա հաշվարկով բժշկական դիմակներով կապահովվեն:

Նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և’ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է հատկացնել պահուստային ֆոնդից։ Սակայն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ այս տարվա պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է և առաջարկել է մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: