Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 2020-09-03 23:24
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ
Անկախության սերնդի երիտասարդների մանկության անբաժան մասն են եղել բակային խաղերը. հոսանք չկար, համացանց չկար, նրանց ոչինչ չէր «շեղում» իրենց խաղերից։

Լրագրող, Shant Music TV-ի խմբագիր Սոնա Ղուկասյանն անկախության սերնդի այն երիտասարդներից է, որոնց մանկությունն անցել է բակում: Ինչպես ինքն է ասում, բակի թթի ծառի վրա է մեծացել։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԻՑ

Վերջերս երբ այս թեմայով խոսում եմ տարբեր մարդկանց հետ, պարզվում է՝ մեր սերնդի երիտասարդները մի փոքր սթրեսային են. թե՛ աղջիկները, թե՛ տղաները: Մեր ծնված տարիները 90-ականների սկզբներն էին, երբ երկիրը լարված էր, կյանքը նոր հուն էր մտնում։ Երիտասարդները ոգեւորված էին, նրանց ծնողները՝ լարված, և այդ ամենն ինչ-որ հետք թողել է մեր սերնդի վրա: Իհարկե, անկախության տարիների դրական կողմը սովետից ազատվելն էր: Հնարավոր է՝ մեր ծնողների սերնդի ստացած կրթությունը, սովետների կրթական համակարգն ավելի լավն է եղել, իրենք ավելի  շահագրգռված են եղել սովորելու և առաջ գնալու, բայց ինչ-որ առումով կաղապարված են եղել սովետի այդ քառակուսու վակուումի մեջ: Իմ սերնդի առավելությունն այն է, որ մենք ազատվել ենք այդ սովետական կապանքներից: Այժմ սահմաններն ավելի լայն են:

ԾՆՈՂՆԵՐԻՍ ՍԵՐՆԴԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆԸ

Ծնողներիս սերնդի համար մե՛կ իրենց մանկությունն ու ուսանողությունն է լուսավոր եղել, մե՛կ էլ՝ հիմա: Այն, ինչ միջակայքում է տեղի ունեցել, մի քիչ դժվար, ծանր է եղել: Նրանց ուրախ, անհոգ մանկությանն ու աշխույժ երիտասարդությանը հաջորդել է փոփոխությունների շրջանը։ Իմ և ծնողներիս սերնդի միջև տարբերություններ շատ կան, երբեմն նաև իրար չենք հասկանում։ Երբեմն էլ համեմատում եմ եւ իմ մեջ էլ եմ տեսնում կաղապարվածության որոշակի տարրեր: Դրանից ամբողջովին չեմ ազատվել։:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԶԳԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ թվում է՝ անկախության առավելությունը խորությամբ գիտակցեցինք հասուն տարիքում՝ հեղափոխությունից հետո, այն օրերին, երբ կարողացանք արտահայտել մեր կամքը, բարձրաձայնել մեր իրավունքը, կարծիքը: Դրանից հետո զգացի անկախ պետություն ունենալու առավելությունը: Իսկապես հասկացա ու պատկերացրի, որ ե՛ս եմ, դո՛ւ ես,֊ մե՛նք ենք տերը մեր երկրի, մեր մշակույթի, մեր ապագայի։ Մենք՝ անկախ պետության քաղաքացիներս։ Հիմա մեր կաշվի վրա զգում ենք դա:

ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Փորձում եմ իմ մասնագիտությամբ, իմ ունակություններով ինչ-որ բան անել երկրիս համար: Լինելով երաժշտական ալիքի խմբագիր, որը 24 ժամ հաղորդում է միայն հայկական երաժշտություն, փորձում եմ մաքրել, ազատել հայկական երաժշտական մշակույթի ոլորտը արևելյան անորակ նոտաներից: Փորձում եմ իմ ներդրումն ունենալ երաժշտության ոլորտում՝ մարդկանց ներկայացնելով հայկական երաժշտություն: Հուրախություն ինձ, մենք շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք աշխատում են, նոր երգեր գրում, նոր կատարումներ մշակում:

ԱՆԿԱԽ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾԱՑԱԾՆԵՐԸ

Այն երիտասարդները, որոնք չեն տեսել անկախ պետականության կայացման առաջին դժվարագույն տարիները, ասես չեն էլ գիտակցում, թե որն է անկախությունը, կամ, ավելի ճիշտ, անկախությունը միանգամայն բնական է նրանց համար, քանի որ նրանք հենց անկախ երկրում են մեծացել: Ինքս ավելի խոր եմ գնահատում անկախության գինն այնքանով, որ տեսել եմ պետականաշինության առաջին տարիների իրավիճակը: Մութ ու ցուրտ, զրկանքներով լի տարիներ էին: Դպրոց մեզ հետ վառելիք էինք տանում: Սեպտեմբերին դասի գնալիս յուրաքանչյուր աշակերտ պարտավոր էր իր հետ մի շիշ նավթ տանել, որովհետև ձմռանը մենք էինք մեր միջոցներով ապահովելու դասասենյակի տաքությունը։ Ի դեպ, մի շարք հոգեբաններ վերլուծությունների արդյունքում բացահայտել են, որ անկախության սերնդի աղջիկներն ավելի ինքնուրույն են, ավելի ուժեղ: Գուցե այդ դժվարությունները, մեր ծնողների ներքին մեծ ուժը տեսնելով, նրանց էներգետիկան զգալով ենք մեծացել ավելի ինքնուրույն: