Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-05 20:18
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Սեպտեմբերի 4 - ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին " օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ այն նպատակաուղղված է կարանտինի մեխանիզմի կիրառմանը արտակարգ դրության ռեժիմի փոխարեն, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 11-ին: Այդ օրինագծի ընդունմանը "կողմ" է  քվեարկել 70 պատգամավոր, "դեմ"՝ 19-ը: Ընդունված  օրինագծի համաձայն, երկրում վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում, կամ Հայաստանում արտակարգ իրավիճակի դեպքում, Առողջապահության նախարարության առաջարկով, մարզպետի կամ քաղաքապետի կողմից կարող է կարանտինի ռեժիմ սահմանվել ։

 

Ինչպես իր ելույթում նշել է  արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծում որոշ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, իմունոպրոֆիլակտիկ միջոցներ չեն կարող կիրառվել առանց քաղաքացու համաձայնության, իսկ վարակակիրների հետ շփվող անձանց շրջանակի ուսումնասիրությունը պետք է սահմանափակվի ինկուբացիոն շրջանով։ Բացի այդ, որոշ ձևակերպումներ են փոփոխվել ։

 

Փոխնախարարն ընդգծել է, որ օրինագծերի փաթեթի ընդունմամբ ներկայում գործող անվտանգության միջոցների կիրառումը կշարունակվի: Դա վերաբերում է դիմակների կրմանը, սոցիալական հեռավորության պահպանմանը, ձեռքերի հիգիենային, զանգվածային միջոցառումների սահմանափակումներին եւ այլն: Սահմանափակող միջոցների փոփոխման դեպքում կառավարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը։ Նշվել է նաեւ, որ օրինագիծն  ընտրությունների անցկացման արգելք կամ սահմանափակում չի ներառում։