Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-06 17:29
ԳՅՈՒՄՐՈՒ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ
Գյումրեցի նկարիչներն արդեն ունեն ցուցասրահ, որտեղ կարող են իրենց գործերը ցուցադրել առանց տարածքի համար վճարելու:

Գյումրու քաղաքապետարանի նկուղային հարկում բացվել է քաղաքային ցուցասրահը, որը գյումրեցի արվեստագետների համար կդառնա մշակութային նոր օջախ ու իրենց գործերի ցուցադրման լավագույն վայրերից մեկը: Տարածքը բարեկարգվել է սուբվենցիոն ծրագրով:

«Երկար տարիներ նկարիչներիս համար ամենակարևոր խնդիրն այն է եղել, որ  մենք չունեինք ցուցասրահ. քաղաքում կան մասնավոր ցուցասրահներ, բայց դրանք ուրիշ են: Ամեն անգամ քաղաքապետի  հետ հանդիպելիս այս հարցը բարձրացրել եմ ու հիմա շատ ուրախ եմ: Ճիշտ է, ինքը չունի դասական դահլիճի բոլոր չափորոշիչները, բայց մեր քաղաքի պայմաններում, ունենալ այսպիսի ցուցասրահ, մեծ ճոխություն է»,- նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը՝ կարևորելով ցուցասրահն հատկապես երիտասարդ նկարիչների համար:

«Գյումրու օր» տոնակատարաության շրջանակում իր դռները բացած ցուցասրահում առաջին ցուցադրությունը գյումրեցի նկարիչներինն էր. ցուցադրված է 22 նկարչի 45 աշխատանք: Ցուցասրահն ունի նաև ռոյալ, որը ենթադրում է համերգային ծրագրեր՝ ցուցադրություններին զուգահեռ: