Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-09 17:00
«ԴԱՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ». ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Դասական երաժշտության ոլորտը լուսաբանող լրագրողների հմտությունները զարգացնելու նպատակով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կիրականացնի «Դասական ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով առցանց դասընթաց-քննարկումը:

«ԼՈՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի հետ համագործակցությամբ կզմակերպվող դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` ժամը 19։30-ին։ Այն կհեռարձակվի ԿԵԱԿ-ի և ԼՈՖԹ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջերով։

Դասընթացը կվարի PR մասնագետ և մշակութային լրագրող Ռոզա Գրիգորյանը, որը ավելի քան տասը տարվա փորձ ունի մշակութային լրագրության և 6 ու ավելի տարվա փորձ՝ մշակութային PR-ի ասպարեզներում։ Հատուկ հյուրն է ԼՈՖԹ ինքնազարգացման կենտրոնի ստեղծագործական ղեկավար, երաժիշտ Ալեքս Միրզոյանը, որը բազում հաջողված նախագծերի հեղինակ է և ԶԼՄ-ների հետ համագործակցության մեծ փորձ ունի։

Ռոզա Գրիգորյանի խոսքով՝ դասընթացի ընթացքում քննարկվելու է, թե ինչպես է պետք լուսաբանել դասական համերգները, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես գրել վերլուծություններ դասական համերգների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվելու է արտերկրի փորձը՝ դասական ոլորտի լուսաբանման վերաբերյալ։ «Դասընթացը նախատեսված է մշակութային լրագրողների, PR մասնագետների, դասական ոլորտի սիրահարների և այլ հետաքրքրված անձանց համար»,-նշում է բանախոսը։

Ալեքս Միրզոյանն ընդգծում է, որ դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան այն գործիքներին, որոնցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարծնել դասական արվեստի լուսաբանանումը մեդիայում։

«Պայմանական բաժանելով հանդիպումը՝ կխոսենք մի քանի կարևոր թեմաների մասին, օրինակ՝ դասական արվեստի նախագծի (կամ կառույցի) ստեղծագործական ղեկավարի ու հանրային կապերի մասնագետի համագործակցությոան, արվեստի նախագծերը մեդիային հասանելի ներկայացնելու ձևերի և աշխատանքների, դասական արվեստի նախագծերին մեդիա գործընկերների ներգրավման և այլն»,-նշում է Ալեքս Միրզոյանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել դասընթացը վարողներին ինչպես դասընթացից առաջ, այնպես էլ՝ ընթացքում։