Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-12 09:08
ԶԱՐԴԵՐ, ԱՔՍԵՍՈՒԱՐ
Որքան էլ տպավորիչ լինի հագուստը, այն միշտ էլ զարդով կամ աքսեսուարով։

Այս աշնանը նորաձև զարդերն ու աքսեսուարը բավական բազմազան են։ Արդիական են առանձնապես ապարանջանները, գոտիներն ու մետաղից կամ պլաստիկից զանգվածեղ շղթաների տեսքով չոքերները։ Խոր լանջաբացվածքի վրա շատ ոճային են երկար, նուրբ շղթաներով կախազարդերը՝ կուլոնները։ Նորաձևության հայտնի ապրանքանիշները իրենց հավաքածուներում ներառել են տարազան զարդեր լեռնային բյուրեղից, պլաստիկից և այլ ուլունքահատերից։ Շարունակում են նորաձև մնալ մարգարտից մանյակները, ապարանջանները, ականջօղերը և մատանիները։

Սեզոնի հիթը պարանոցն ու լանջաբացվածքը ծածկող bib մանյակն է (bib-ը լանջապանակն է, նաև մանկական վզկալը)։

Շատ հարգի են ծաղիկներով կամ բուսական նախշերով տարատեսակ զարդերը։

Ծովային թեմատիկայով զանգվածեղ աքսեսուար է ներկայացված մի շարք հավաքածուներում։ Խեցետեսք զանգվածեղ մանյակները, կախազարդերը և ականջօղերը ակնահաճո են ինչպես ռոմանտիկ զգեստների և բլուզների, այնպես էլ գործնական հագուստների հետ։

Սեզոնի նորաձև թրենդներից են երկրաչափական պատկերների ձև ունեցող ականջօղերը։ Կարող են լինել քառակուսի, կլոր, ձվաձև, եռանկյուն, սեղանակերպ կամ բրգաձև։ Թրենդային են նաև խոշոր կամ մի քանի օղակից բաղկացած նրբագեղ ականջօղերը, ինչպես նաև ակներով կամ փորագրումով մոդելները։

Նոր հավաքածուներում կարելի է տեսնել նաև գնդաձև կախիկներով ականջազարդեր։ Առանձնապես հարգի են երկար շղթաներով մոդելները կամ պերճաշուք պուսետ ականջօղերը։

Շարունակում է թրենդային մնալ մոնոականջօղը։ Դա կարող է լինել խոշոր կամ հակառակը՝ նրբագեղ, ակներով կամ ծաղկային գեղատարրով զարդարված։

Որոշ ապրանքանիշներ ներկայացրել են խոշոր երկրաչափական և ծաղկային կոմպոզիցիաներ մատները զարդարելու համար։

Նորաձև զարդերի գլխավոր թրենդներից են ապարանջանները։ Դրանք կարող են լինել նեղ և լայն, մետաղյա, փայտից կամ պլաստիկից։ Ապարանջանները հաճախ զարդարվում են ուլունքահատերով, ակներով։ Միշտ շատ տպավորիչ տեսք ունեն զանգվածեղ մանժետ ապարանջանները և խոշոր շղթաներից մոդելները։ Կարելի է նաև համակցել միագույն մի քանի բարակ շղթա։ Ակնահաճո են մետաղյա ցանցկեն միահյուսումներով ապարանջանները։ Կաշվե հյուսածո ապարանջանները զարդարված են բնական քարերով, ստրազներով կամ բյուրեղապակյա կաթիլներով։

Նորաձևության ցուցադրությունների առաջատարը անսովոր կախիկներով ոճային բարակ ապարանջաններն են. առաջարկվում է կրել զույգ ապարանջան, ընդ որում՝ ինչպես դաստակին, այնպես էլ նախաբազկին։

Այս սեզոնում դիզայներներն առանձնակի ուշադրություն են դարձրել խոշոր ակներով ու ծաղիկներով մատանիներին, որոնք ծածկում են համարյա ամբողջ մատը։ Ոճային տեսք ունեն անսովոր ձևի մատանիները՝ քառակուսի կամ ծուռ օղակով, ինչպես նաև խստաոճ լակոնիկ մոդելները։ Ինքնատիպ տարբերակ է բութ մատին դրվող անսովոր ձևի մատանին։

Այս սեզոնի նորաձև մյուս զարդերն են կաշեփոկից շղթաները և կոճերը զարդարող ոչ մեծ օղակներով բարակ շղթաների տեսքով անկլետները (ancle «սրունքաթաթային» և bracelet՝ «ապարանջան» բառերից), նախշավոր կամ կախիկներով ապարանջանները։

Հարգի են նաև տարատեսակ հերակալները։