Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-12 09:24
ՌՈՆԱԼԴՈՒ. «ՖՈՒՏԲՈԼՆ ԱՌԱՆՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՆՈՒՅՆՆ Է, ԹԵ ԿՐԿԵՍՆ ԱՌԱՆՑ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ»
Ավարտվեցին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի երկրորդ տուրի խաղերը։ Հայաստանի ընտրանին հասցրեց զգալ և՛ պարտության դառնությունը, և՛ հաղթանակի բերկրանքը:

Համաճարակի պատճառով առայժմ խաղերն անցնում են առանց երկրպագուների: Անսովոր այս հանդիպումները բազմազան մեկնաբանությունների ու համեմատությունների տեղիք են տվել: Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որ դուբլի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, զարմանում է. «…Դե ինչպե՞ս խաղալ առանց երկրպագուների։ Ինձ դուր է գալիս, երբ տրիբունաներից սուլում են, դրանից մարմնիս վրայով կարծես մրջյուններ են վազում: Ֆուտբոլն առանց երկրպագուների նույնն է, թե կրկեսն առանց ծաղրածուների կամ այգին առանց ծաղիկների, բայց երբ խոսքը առողջության մասին է, իհարկե, առաջնայինը մարդն է, և պետք է ենթարկվենք սահմանված կանոններին»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «Record»-ը:

Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության մեջ երկրորդը և Եվրոպայում առաջինը, ով ազգային հավաքականում ավելի քան 100 գոլ է խփել։ Առաջին տեղում իրանցի Ալի Դաեին է՝ 109 գոլ: Ռոնալդուի գոլերի թիվը վերջին դուբլից հետո հասավ 101-ի: