Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-13 17:30
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն սեպտեմբերի 12-ին մեկնարած պաշտոնական այցի շրջանակում...

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն սեպտեմբերի 12-ին մեկնարած պաշտոնական այցի շրջանակում Կահիրեում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: «Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- նշեց նախարարը: Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, առկա մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղիների շուրջ: Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ պետություններին և ժողովուրդներին իրար կամրջելու գործում»,- ասվումէ հաղորդագրության մեջ: