Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-15 06:28
ԲԵԹՀՈՎԵՆ, ԴՎՈՐԺԱԿ, ՏԱՐՏԻՆԻ. ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳՈՎ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թվականների համերգաշրջանի մեկնարկը տրվեց բացօթյա համերգով:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կայացած համերգին ՀՊԿՆ-ն (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները՝ հետաքրքիր կամերային ծրագիր ներկայացնելով ունկնդրին: Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը նշել է՝ նվագախումբը մեծ ցանկություն ուներ հանդիպելու հանդիսատեսի հետ: Երաժիշտներն այս ընթացքում աշխատել են, հարստացրել իրենց երկացանկը, հնարավորության պարագայում էլ՝ փոքր կազմերով տեսագրել ելույթներ և հրապարակել համացանցում: «Պետք է ասեմ, որ մենք շատ կարոտել ենք մեր երաժշտասերին: Նրանց հետ կոնտակտը, մարդկային շփումը լրիվ այլ երևույթ է: Մենք մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս համերգին»,-ասել է Աստղիկ Վարդանյանը: Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին միացավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը՝ մաս կազմելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրին։ Ըստ ծրագրի գաղափարախոսության՝ նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Սա Օվսաննայի և ՀՊԿՆ-ի արդեն երկրորդ հաջողված համագործակցությունն էր։ Տարտինիի այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մի անգամ երազում Տարտինին սատանային է հանձնում իր ջութակը և խնդրում ցուցադրել իր տաղանդը: Ի զարմանս կոմպոզիտորի՝ սատանայի կատարումից ինքը հիացած է մնում և, արթնանալով, փորձում է վերարտադրել երազում լսածը, սակայն ամբողջովին չի հաջողվում: Նվագախումբը համերգն ավարտեց «բիսերի» ներքո, որոնք հնչեցին կոմիտասյան ստեղծագործությունների ինքնատիպ կատարումների համար։