Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-15 06:33
ԵՐԵՒԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԿԱՐՈՂ Է ԱՅԼԵՒՍ ՉԼԻՆԵԼ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը:

Լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել: «Ես հիմա կարող է սենսացիոն բան ասեմ, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի: Հնարավոր է, որ այլևս չլինի գլխավոր ճարտարապետ»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մի մարմին կամ խորհուրդ: Ներկայում այդ ամենի շուրջ աշխատանքներ են տարվում: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։ Գլխավոր ճարտարապետի պաշտոնը հասարակության խոշորացույցի տակ գտնվող պաշտոն է, և մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի խաթարումների, ապօրինի շինարարությունների, նոր կառույցների կամ ծառահատումների դեպքում քննադատության թիրախում է հայտնվում գլխավոր ճարտարապետը: Այս պաշտոնը զբաղեցրել են նաև Գուրգեն Մուշեղյանը, Նարեկ Սարգսյանը, Տիգրան Բարսեղյանը: