Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-15 06:36
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին:

Այս մասին մաեստրոն հայտնեց սեպտեմբերի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսում: «Մարտից հետո երկու գործ եմ գրել: Մի երիտասարդ ալտահարուհի, որը բնակվում է Գերմանիայում, ինձ խնդրել էր փոքրածավալ մի ստեղծագործություն գրել, որն անմիջականորեն կապ կունենա այն իրականության հետ, որում ապրում ենք բոլորս, երբ ստեղծագործող մարդիկ առանձնացած են, փակված, համերգային կյանքից դուրս: Ալտահարուհին ոչ միայն ինձ, այլև մի շարք այլ կոմպոզիտորների հետ է համագործակցում: Մեր ստեղծագործությունները ձայնագրելու է գերմանական ընկերություններից մեկի հետ»,-պատմեց Մանսուրյանը: Նա շեշտեց, որ սիրով է համաձայնել մասնակցել այդ նախագծին` գրելով «Ձայն լռության» ստեղծագործությունը: Հեղինակը գրել է նաև «Չորս հայրեն» շարք: «Կան սիրո հայրեններ, պանդխտության հայրեններ, բնության հայրեններ: Այս շարքը նվիրված է սեր և լուսին հարաբերությանը: Այն արդեն ավարտված է: Հուսամ` շուտով առիթ կլինի համերգային կյանքով ապրել և հնչեցնել նոր ստեղծագործությունները»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը: