Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-15 06:43
ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԻՑ ԲԻԶՆԵՍ. INSIDER-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ
Ինչպե՞ս է Ճամբարակ գյուղում պահպանվում Հայաստանում պանրի պատրաստման 5000 տարվա ավանդույթը. «Insider»-ն անդրադարձել է Հայաստանում պանրի պատրաստման ավանդույթներին՝ ներկայացնելով մոթալ պանիրը:

Հոդվածի հեղինակը, հյուրընկալվելով Ճամբարակ գյուղում, պանրի արտադրությամբ զբաղվող Ռուսլան Թորոսյանի օգնությամբ, մանրամասն ներկայացնում է պանրի պատրաստման ավանդույթները, տեխնոլոգիան: «Իմ տատիկներն ու պապիկները զբաղվել են այս պանրի արտադրությամբ: Այն մեր տարածաշրջանին բնորոշ պանիր է: Ցավոք, վերջին տարիներին այն հայտնվել է վերացման եզրին: Շատ քչերն էին զբաղվում, քանի որ շատ աշխատատար է»,- ասել է Ռուսլան Թորոսյանն՝ պատմելով, որ ընտանիքում որոշում են վերակենդանացնել այս գործը: Ճանապարհորդելով Հայաստանում, հանդիպելով բազմաթիվ ֆերմերների հետ, տարբեր համագործակցության արդյունքում Ռուսլան Թորոսյանի ընտանիքը սկսում է զբաղվել մոթալ պանրի արտադրությամբ: Մանրամասն ներկայացնելով պանրի արտադրության տեխնոլոգիան՝ Ռուսլան Թորոսյանը նշում է, որ շուկայում սպառումն այդքան մեծ չէ, քանի որ այն թանկ է: «Այս գործի մեջ կարևորությունն այն է, որ պետք է սիրես այն: Մեր պարագայում հոբբին դարձավ բիզնես, կարողացանք, սիրված զբաղմունքի միջոցով որոշ եկամուտ ստանալ»,-հավելեց Ռուսլան Թորոսյանը: