Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-15 06:46
ՀԲԸՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում

ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք են կատարում՝ աջակցելու լիբանանցիներին և լիբանանահայությանը: «Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց բնակարաններ, հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Բեյրութի պայթյունը մարդկային, տնտեսական կորուստների կողքին բարոյական ծանր հարված հասցրեց լավատեսությամբ հատկանշվող լիբանանցուն: Կյանքի այսպիսի պահին, միջազգային եւ տեղական մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց երախտաշատ գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական, բարեգործական կազմակերպությունները, որոնք անմիջապես օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: