Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-15 17:43
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՕՐՆԵԿՅԱՆԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷՕՐՆԵԿԵԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։ Մասնավոր անդրադարձ է կատարվել տիար Էօրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելել են Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղել են նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն է կատարվել նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։

Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը և մեծանուն հայորդին այցելել են տարբեր դասարաններ, զրուցել աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները։