Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-15 18:04
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՃԱՄՊՐՈՒԿ
Այսօր, համավարակի հետ կապված, մարդիկ գրեթե չեն ճամփորդում։ Սակայն հուսանք, որ լավ օրերը շուտով կվերադառնան և նորից կսկսվեն աշխարհածանոթության և ճանապարհորդության լավ օրերը։

Այսօր կպատմենք մի իրի՝ ճամպրուկի մասին, որը յուրաքանչյուր ճանապարհորդի ամենաանհրաժեշտ և անբաժան իրն է։ Իսկ ընդամենը երկու դար առաջ մարդիկ նույնիսկ պատկերացում չունեին ճամպուկի մասին։ Այն ժամանակ բեռները տեղափոխում էին սնդուկներով, պարկերով, զամբյուղներով, խուրջիններով, սակայն ժամանակի հետ առաջացավ ավելի թեթև շարժական արկղ-ճամպրուկների ստեղծումը։

Այսօրվա իր տեսքով ճամպրուկը ստեղծվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ հայտնագործության համար պարտական ենք ֆրանսիացի վարպետ Լուի Վյութոնին (Louis Vuitton), որն այդ արկղի կողային մակերեսները պատրաստեց ամուր և հուսալի նյութից։ Դա հնարավորություն էր տալիս տեղափոխել հագուստն առանց ճմռթելու և տեսքից գցելու, իսկ բեկուն իրերը՝ անվնաս և ամբողջական։

Ավելի ուշ Լուի Վյութոնը  այդ հարմարավետ արկղերը պատեց միագույն մահուդով, որի վրա կարելի էր դաջել այդ իրերի տիրոջ անուն-ազգանվան առաջնատառերը և ընտանեկան գերբը։ Գյուտարար-հայտնագործողը մեծ նշանակություն էր տալիս ճամպուկների գույնին և որոշ առանձին նկարների և պատկերների համար հանեց մի քանի արտոնագիր՝ դրանով իսկ պայքարելով կեղծումների դեմ։

Լուի Վյութոնի գաղափարները շատ հետաքրքիր և ինքնատիպ էին։ Վերջերս Փարիզի դեկորատիվ արվեստների թանգարանի այցելուները առիթ ունեցան տեսնելու ծալովի մահճակալը, որը վերածվում էր սնդուկ-ճամպրուկի։

Լուի Վյութոնի որդիները դարձան իրենց հոր արժանի հետնորդները. նրանք շարունակեցին հոր սկսած գործը։ Այսօր Լուի Վյութոն ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ է, որը մասնագիտացած է պայուսակների, ճամպրուկների, աքսեսուարների և նորաձևության ոլորտում։

Ավելի ուշ՝ 20-րդ դարի երկրորդ կեսին, ճամփորդության ժամանակ մարդկանց ծանր բեռը թերթևացնելու համար ճամպրուկներին անիվներ հարմարեցրին։

1972թ. ամերիկացի Բեռնարդ Սադոուն ստացավ անվավոր ճամպրուկի արտոնագիրը։ Միստր Սադոուն աշխատում էր United States Luggage ընկերությունում։ Այդ ընկերության տնօրենի աղջիկը նրա կինն էր։ Մի գեղեցիկ օր օդակայանում Բեռնարդի ուշադրությունը գրավեց բեռներով լի ծանր սայլակը թեթևությամբ հրող բեռնակիրը։ Դա ոգեշնչեց Բեռնարդ Սադոուին, որ սովորական ճամպրուկին անիվներ հարմարեցնի։ Սկզբում միստր Սադոուի առաջարկությունը ընդունեցին քամահրանքով և ծիծաղով։ Փեսայի հոգու հետ խաղում էր հատկապես նրա աները, բայց գյուտարարը չհուսահատվեց և ուղևորվեց Նյու Յորք, որպեսզի իր նորարարությունն առաջարկի մեծ սուպերմարկետների սեփականատերերին։ Հաջողությունը նրան անմիջապես չժպտաց, սակայն, ի վերջո, խոշոր առևտրային ընկերություններից մեկի նախագահը ուշադրություն դարձրեց նորարարության վրա։ United States Luggage ընկերությունը ստացավ 5 տարի ժամկետով այդ ճամպրուկների արտադրության բացառիկ արտոնագիր։

Դժվարություններից և խնդիրներից լիովին խուսափել չստացվեց։ Առաջին մոդելներում անիվները կայուն չէին, որի պատճառով ուղեբեռը շարժման ընթացքում կարող էր շրջվել։ Սակայն հնարամիտ Բեռնարդ Սադոուն կարողացավ լուծել այդ խնդիրը. նա ճամպրուկում ներդրեց հակաբեռ, որը հնարավորություն տվեց պահպանել ճամպրուկի հավասարակշռությունը։ Բացի դրանից արտոնագրեց ուղղահայաց ճամպրուկը, որպեսզի տեղաշարժը հեշտ լիներ, երկու անիվ էլ ամրացրեց կողքից, որպեսզի տերմինալների նեղ արանքներում շարժվելը հեշտ լինի։ Հետագա  նորամուծություններից էր օդային բարձիկներով ճամպրուկը, ինչն ապահովում էր փխրուն և բեկուն տարբեր տեսակի սարքավորումների և տեխնիկայի անվնաս տեղափոխումը։

Խորհրդային Միությունում ճամպրուկները միանգամայն այլ տեսք ունեին։ Ռուսերեն «չեմոդան»՝ ճամպրուկ բառի հիմքում պարսկերեն «ջոմոդան» բառն է, որ նշանակում է տարողունակ մեծ արկղ։ Դրանց տեսքը լրիվ տարբերվում էր  ժամանակակից ճամպրուկներից։ Շատերը կհիշեն, որ բռնակ ունեցող այդ կոպիտ, ուղղանկյունաձև արկղերը պատրաստված էին կամ կաշվից, կամ կաշվին փոխարինող նյութից։ Կարող էին լինել ե՛ւ կոշտ տեսակի, ե՛ւ փափուկ։ Շատ տարածված էին նաև ֆիբրից (հատուկ տեխնոլոգիայով մշակված ամուր, մամլած ստվարաթուղթ) ճամպրուկները, որոնց անկյուններին ամրացնում էին հատուկ մետաղական անկյունակներ, որպեսզի դրանք շուտ չփչանային և չվնասվեին։

Տարբեր ժամանակներում ճամպրուկները տարբեր փականներ են ունեցել։ Երկար ժամանակ տարածված էին հետևյալ փականները. ճամպրուկի կափարիչին ամրացված էր մետաղյա փական, որի մեջ մտնում էր լեզվակի ծայրին ամրացված սողնակը։ Հաճախ  ճամպրուկներն ունենում էին գոտու պես կոճկվող լեզվակավոր փականներ։ Տարածված էին նաև բանալիով մետաղե փականները։ Սովորաբար ճամպրուկը ներսի կողմից պատում էին մետաքսե կամ բամբակե միագույն գործվածքով։ Ճամպրուկի ներսում կարող էին լինել գրպանիկներ, բաժանարարներ և իրերը կապող ամրագոտիներ։

Իսկ ի՞նչ է առաջարկում այսօր ճամպրուկների շուկան։ Ժամանակակից ամանաբազմազան ճամպրուկների կարևոր առանձնահատկությունը անիվներն են, որոնք հեշտացնում են Ճամպրուկները տեղաշարժելը։

Ճամպրուկները կարող են լինել երկանիվ կամ քառանիվ։ Քառանիվ ճամպրուկներն ավելի կայուն են, դրանք շատ հեշտ է տեղաշարժելը և տեղափոխելը։ Երկանիվ ճամպրուկը ՙվարելը՚ փոքր¬ինչ ավելի դժվար է։ Շատ հարմարավետ են այն ճամպրուկները, որոնց անիվներն ունեն հատուկ բնիկներ և ՙներքաշվում են՚ դրանց մեջ՝ հեշտացնելով ճամպրուկի տեղափոխումը. չէ՞ որ բեռներ տեղափոխելու համար նախատեսված ճամպրուկն ինքն էլ բեռ է, որը պետք է տեղափոխել։

Անիվները պատրաստվում են պլաստմասսայից և սիլիկոնից։ Վերջինները ավելի ամուր են, շատ երկար ժամանակ չեն մաշվում, անաղմուկ են և ունեն շահագործման երկար ժամանակ։ Եթե անիվները իրենց առանցքի շուրջը պտտվում են 360 աստիճան, դա ճամպրուկին մանևրելու լրացուցիչ հնարավորություն է տալիս։

Ամրության տեսանկյունից բարձր են գնահատվում այն ճամպրուկները, որոնց անկյունները ներսից և դրսից պաշտպանված են հատուկ անկյունակներով։

Ճամպրուկները պատրաստվում են կաշվից, որոնք ամենաթանկն են։ Չնայած իրենց բարձր գնին, կաշին շատ քմահաճ նյութ է և շատ հեշտ է այն վնասել։ Այդպիսի ճամպրուկները շատ հարմար է սեփական մեքենայով ճամփորդության մեկնելիս։

Պլաստիկը նույնպես շատ տարածված նյութ է ճամպրուկի համար։ Ճամպրուկի համար կիրառվող պլաստիկն ունենում է տարբեր հավելումներ, ինչը պլաստիկին հաղորդում է լրացուցիչ ամրություն։ Այդ ճամպրուկները թեթև են, հեշտ է մաքրելը, և դրանցում իրերը չեն ճմռթվում։ Բայց դրանց վրա կարող են  առաջանալ քերծվածքներ, իսկ ուժեղ հարվածներից կարող են ճաքել։

Ճամպրուկ պատրաստելու համար շատ հուսալի են բարձրորակ գործվածքները՝ պոլիամիդը, նեյլոնը։ Այդ ճամպրուկները չեն քերծվում, հարվածներից չեն վնասվում։ Այդ գործվածքների բաղադրության մեջ կան այնպիսի նյութեր, որոնք պաշտպանում են խոնավությունից։ Բացի բոլոր մնացած դրական հատկանիշներից՝ դրանք նաև բավական էժան են և հասանելի շատերին։ Ինչ ճամպրուկ էլ լինի, անգամ փոքրիկ ուսապարկ, արագ հավաքեք իրերը և ճանապարհ ընկեք։