Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-16 08:57
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՄՈՏ Է. ՄՇԱԿՎՈՒՄ Է ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԸ
Հայաստանում միասնական երթուղային ցանցը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը:

Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

«Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայում գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,-ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի:

Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ:

Փոխնախարարի խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները: